Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը

Հունիս 05,2012 13:10

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկ։ Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։ Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է  ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

Նայեցե՛ք։

Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարեւան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռ աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։

Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի՝ նրա գործին վնասելու։

Հոգեւորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք՝ միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, եւ գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում, կամ նա էլ է կարողանում ապրել։

Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տեւում է երկար տարիներ, եւ հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչեւ կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։

Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։

Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, եւ շարունակ մի որեւէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
 1910

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930