Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանք` երրորդ ուժ «Միավորված հայեր» կուսակցության հայտարարությունը 2012 թ. մայիսյան ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Հունիս 05,2012 12:45

2012թ. ԱԺ  ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովրդի ստվար զանգվածը դեռ պատրաստ չէ արդար ու ժողովրդավարական ընտրությունների և ունակ է վաճառելու իր անկախությունը,  հիմնական իրավունքներն ու արժանապատվությունը: Պետությանն ու ազգաբնակչությանը կեղեքող օլիգարխները, նախորդ հինգ տարիների կողոպուտի  համը բերանում, կարողացան Աստծու և պետության աչքի առաջ ևս հինգ  տարով ժողովրդից գնել նրան իսկ կեղեքելու իրավունքը: Դա դեռ բավական չէ, հնչեցնում էին պոպուլիզմի ախտով վարակված կարգախոսներ, թե` սիրելի  հայրենակիցնե´ր, «Ըմբռնումով մոտեցեք» «Հավատանք, որ փոխենք» «Մեր խոսքը գործ է», «Միասին օրենքի Հայաստան կառուցենք (ձավարով, մուրաբայով, հեռախոսներով…)»: Իսկական դահճի և զոհի համերաշխություն…

Ազգային զարթոնք ապրած, Խորհրդային հզոր իշխանության դեմ առաջիններից մեկը պայքարի ելած, արցախյան գոյամարտում հաղթած հերոս ժողովուրդը այսօր անճանաչելիորեն այլափոխվել և գլուխ է խոնարհում իրեն թալանող «վայ» հայրենակիցների առջև: Ստացվում է, որ արտաքին հարստահարիչների դեմ պայքարի հսկայական փորձ ունեցող հայ ժողովուրդը պատրաստ չէ՞ սեփական հարստահարողների դեմ պայքարին ու ակամա դառնում է ստրկատիրությանը սատարող ուժ: Այսօր ստրուկը միայն նա չէ, ում պարտադրել են այդ լուծը, այլև նա, ով կամովին է այն կրում կամ էլ, չկարողանալով փոխել միջավայրը, ինքն է փորձում ձեռք բերել իր ստրուկին: Ցավոք, մեր ակտիվ հայրենակիցների մի մասը դեռ այդպիսին է. գտնվելով ծանր կացության մեջ, նա մերժեց  ծրագիրն ու գաղափարախոսությունը, ու խոնարհվեց «ոսկե հորթի», նյութական և ֆինանսական չնչին արժեքների, անօրինականության, վախի ու  վարչական ռեսուրսների առջև:  Այո´, այսօր ողջ հայ ժողովուրդը պատրաստ չէ վճռական, արդար պայքարի, ու նրան պետք է կրթել այդ գործի համար` ասպարեզ տրամադրելով ունակ ուժերին:

Իհարկե ցավալի է, որ Հայաստանի քաղաքացիների շուրջ 50%-ը չմասնակցեց ԱԺ ընտրություններին, մասնակցողների մի մասը մեկ օրվա հացի գնով վաճառեց արժանապատիվ կյանքի հեռանկարը և հնարավորություն  տվեց, որ շարունակվի իր և  դեռ աշխարհ չեկած երեխաների ապագայի թալանը: Ընտրողների մի մասը միայն քվեարկեց այլընտրանքային ԱԺ ունենալու համար, բայց միասնական չլինելով` պարտվեց:

«Միավորված հայեր» կուսակցության անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացին մեզ և քվեարկեցին «Միավորված հայեր»  կուսակցության համար, ովքեր արհամարհելով վախի մթնոլորտը, սպառնալիքները, նյութական և փողի արժեքները, չգայթակղվեցին ու ցանկացան Հայաստանը դարձնել ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ իշխանությունը կպատկաներ ժողովրդին, իսկ իշխանության երեք թևերի տիրակալը կլիներ ազգին ծառայող Օրենքի գերիշխանությունը: Հարկ ենք համարում ավելացնել, որ երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից:

Այո, դժվարին առաջին քայլն արված է …

Անկախ ամեն ինչից, մենք գնահատում ենք, որ մեր ազգը ունի նաև սթափ մտածող զավակներ: Նշանակում է դեռ ամեն ինչ կորած չէ: Նրանց վրա հենվելով` մենք,  փոխելով մեր ռազմավարությունը, կշարունակենք պայքարը հանուն մեր ժողովրդի ու Հայրենիքի ապագայի: Աշխատանք կտանենք յուրաքանչյուրի հետ, կհամալրենք մեր շարքերը հիրավի ազգանպաստ, պետականամետ մտածողություն ցուցաբերող անձանցով:

Պայքարը քաղաքական դաշտում չի ավարտվել: Այն թեժ է լինելու, նոր երանգ է ստանալու, որդեգրելու է նոր մարտավարություն:

Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի` հայ ժողովրդի ապագան երրորդ  ուժն է.  պետականամետ  և  կենտրոնաձիգ:

Ի լուր ՀՀ բոլոր քաղաքացիների «Միավորված հայեր»  կուսակացությունը հայտարարում է, որ, անկախ քաղաքական դաշտում գրաված իր դիրքից, միշտ հավատարիմ կմնա իր նպատակին, գաղափարախոսությանը և սկզբունքներին: Նա կշարունակի իր պայքարը` որպես պետականամետ երրորդ ուժ, մինչև որ ՀՀ օրենսդիր մարմինը, որն այսօր ոչ ազգային է, ոչ էլ ժողով, կարողանանք դարձնել իսկական Ազգային Ժողով:

«Միավորված հայեր» կուսակցության պաշտոնական շաբաթաթերթը շարունակելու է մնալ ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոց, որը քննադատելու է և´ իշխանամետներին, և´ ոչ կառուցողական ընդդիմությանը:

«Միավորված հայեր»  կուսակցությունը կոչ է անում. միավորվենք, մի բռունցք կազմենք, վճռականորեն ո´չ ասենք հարուստների իշխանությանը:

Ազգովի պատրաստվենք գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններին:

ՄՀԿ քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930