Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Գրքի «տաշի-տուշի» ենք անում, բայց գրքից չենք խոսում (Տեսանյութ)

Հունիս 05,2012 12:27

«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրող Կարեն Անտաշյանը եւ գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, ովքեր խոսեցին գրահրատարակչության ներկա խնդիրներից եւ նոր ԱԺ-ից ունեցած ակնկալիքներից: Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէր այն մտքի հետ, թե միայն կառավարությունից է կախված գրահրատարակչության խնդիրների լուծումը. «Ինչքան հետամուտ լինենք, այնքան ընթացքն արդյունավետ կլինի: Մենք արդեն ցույց ենք տվել, որ կարող ենք արդյունքի հասնել, պարզապես խորհրդարանի հետ պետք է խոսենք հենց խորհրդարանի լեզվով, այսինքն՝ օրենսդրական նախաձեռնություններով»: «Անտարեսի» տնօրենի կարծիքով, պետք չէ գրքի մասին օրենք ընդունել, քանի որ այն գրքի առջեւ լրացուցիչ սահմանափակումներ կդնի. «Պետությունը պետք է մտածի հարկային դաշտը մեղմացնելու ուղղությամբ եւ ցույց տա, որ գրքի կողքին է կանգնած»,-հավելեց Մարտիրոսյանը:

Գրող Կարեն Անտաշյանը նշեց, որ գրքի շրջանառությունն ակտիվ զարգացման փուլում է, քանզի ասելիքն է շատացել. «Եթե առաջ բողոքում էինք գրողի եւ ընթերցողի միջեւ թույլ կապից, ապա այժմ այդպես չէ, գրականության հանդեպ հետաքրքրությունն ավելացել է»: Անտաշյանը հավելեց, որ մինչ ընտրական քարոզարշավի ընթացքում մարդիկ զբաղված էին փող բաժանելով, «Անտարեսում» 8 գիրք հրատարակվեց, որից 5-ը՝ երիտասարդ գրողների գործեր:

Գրաքննադատ Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ գրքի շրջանառության շուկան կայանում է, սակայն այդ գործընթացում մեծ է նաեւ պետության դերը. «Մշակույթի մարդիկ բան ու գործը թողած՝ պայքարում են գրքի հետ կապված խնդիրների վերացման համար: Կառավարությունից ակնկալում ենք, որ չխանգարի մշակույթի մարդկանց առաջընթացին եւ նոր գործեր ստեղծելուն»: Գրաքննադատը դժգոհ է Գրքի մայրաքաղաքից, քանի որ միջոցառումները կազմակերպվել էին ոչ մշակույթի մարդկանց համար. «Գրողների փոխարեն ելույթ էին ունենում պետական պաշտոնյաները, իսկ «Arm EXPO» ցուցահանդեսին շուրջ 30 գրողի մուտքն արգելվեց: Բացի այդ, սերիալներին պետք է փոխարինեն մշակությին-գրական հաղորդումները»,-հավելեց Հ. Հակոբյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ անընդհատ գրքի հրավառություն եւ «տաշի-տուշի» ենք անում, բայց չենք խոսում բուն գրքից. «Որովհետեւ չենք էլ ընթերցում եւ գրական գործերը չենք քննարկում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930