Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս թեստերում միայն Շտեմարաններից ներառված հարցերն են, չնայած շրջանառվում են այլ կարծիքներ եւս: «Այո 100 %-ով»,- վստահեցրեց ԳԹԿ նախկին տնօրենն ու ներկայիս խորհրդի նախագահը:
Իսկ արժե՞ր շտեմարանների դեմ այդքան «պայքարելուց» հետո կրկին վերադարձ կատարել դեպի շտեմարանները: «Սա ուրիշ տեսակի շտեմարան է, ու այսօրվա քննությունը ցույց կտա արդյունքները շտեմարանի երեւույթի»,-համոզված է պարոն Մկրտչյանը:
Այնպիսի աժիոտաժ ակնկալո՞ւմ է՝ ինչպիսին կար նախորդ տարիների, մասնավորապես 2010-ի հայոց լեզվի եւ գրականության քննությունների ու թեստերի հետ կապված: Հիշեցնենք, որ ամենաշատ աղմուկ եղել է Փառանձեմ Մեյթիխանյան-Աշխեն Ջրբաշյան զույգի կազմած հայոց լեզվի թեստերի պարագայում, որոնց վերաբերյալ, օրինակ, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ասել էր, թե «անգրագիտություն են բուրում», դրանցում առկա են մասնագիտական, մանկավարժական, մեթոդական սխալներ, հոգեբանական գրոհի տարրեր, առաջադրանքների մեծ մասում՝ անհամապատասխանություն դպրոցական դասագրքերի նյութին, ուղեցույցի եւ ծրագրի պահանջներինն («Առավոտ», 15.06.2010 թ.):
«Պետք է որ չլինի, որովհետեւ շտեմարանի հանձնարարությունները վաղուց հայտնի են մասնագետներին, եթե էնտեղ ինչ-որ անորակ բաներ լինեին, վաղուց պետք է ասված լինեին»,-Aravot.am-ին հավաստիացնում է Մանուկ Մկրտչյանը ու հավելում, որ ավանդաբար աղմկող մասնագետները այս տարի առանձնապես լուրջ առաջարկներով չեն ներկայացել, մի քանի վրիպակներ են նկատվել, որոնք շտկվել են:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ասում է, որ իրեն ազդեցիկ որեւէ մեկը չի միջնորդել՝ երեխայի համար բարձր գնահատական կորզելու ակնկալիքով: Ինչ վերաբերում է նախորդ՝ կենսաբանություն առարկայից ստացված միակ 20 միավորին, փոխնախարարի խոսքով. «Ով էլ լինի, պետք է շնորհավորել, կարծում եմ Հայաստանում գոնե մեկը կարող էր 20 ստանալ»:
Դառնալով հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարանին, Մանուկ Մկրտչյանին հարցրինք՝ եթե այնուամենայնիվ դժգոհություններ եւ աղմուկ լինի, ինչպես է պատրաստվում դա կանխել: «Կանխելու հարց չկա, շտեմարանը կազմել են 16 հոգի, իրենք էլ կգան ու կպատասխանեն բոլոր հարցերին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 14-ին ԳԹԿ-ում կայացած զգացմունքային ու աղմկոտ քննարկման ժամանակ, երբ հայոց լեզվի մասնագետները տառացիորեն վիրավորանքներ էին տեղում միմյանց հասցեին, Մանուկ Մկրտչյանը նրանց լռեցնելու համար ստիպված եղավ ձեռքը սեղանին խփել եւ անգամ բարձրացնել ձայնը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ