Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ է թե ադրբեջանական կողմը հարձակվել է մեզ վրա, դեռ մի բան էլ տիկին Քլինթոնը մեզ է կոչ անում ուժ չկիրառել»

Հունիս 05,2012 11:37

ԱՄՆ պետքարւոուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը խոշոր դիվերսիոն գործողություն իրականացրեց, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ունեցանք 3 զոհ եւ 6 վիրավոր։ Բնականաբար, ժամկետը հատուկ էր ընտրված եւ իր մեջ որոշակի մեսիջ էր պարունակում՝ ուղղված թերեւս առաջին հերթին ամերիկյան կողմին։ Ընդ որում, չի բացառվում, որ դիվերսիան հենց Քլինթոնի՝ տարածաշրջանային այցի ընթացքում իրագործելով՝ Բաքուն նպատակ ունի փորձարկել ամերիկյան կողմի արձագանքն ու հակազդեցության դրսեւորումները։ Իսկ այդպիսիք, ինչպես տեսանք, սովորականի նման՝ չափազանց մեղմ էին, եթե չասենք՝ բացակայում էին։ Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում տիկին Քլինթոնը բավարարվեց ընդամենը հերթական ոչինչ չասող հայտարարությամբ, որով դատապարտեց «ցավալի» միջադեպն ու «կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ուժի կիրառումից»: Նախ՝ ի՞նչ ասել է՝ ցավալի միջադեպ, ի՞նչ է՝ բնական աղե՞տ է տեղի ունեցել, թե՞ վթար։ Տեղի է ունեցել հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում, որը միջազգային իրավաքաղաքական հստակ բնորոշում ունի՝ եւ այն «ցավալի» կոչելը պարզապես ծիծաղելի է։ Էլ չասած, որ Քլինթոնը հերթական անգամ կոչ է անում «կողմերին» այն դեպքում, երբ գոնե այս դեպքում այդ կոչի միակ հասցեատերը Ադրբեջանն է։ ԱՄՆ պետքարտուղարի «դիվանագիտություն խաղալն» այս դեպքում պարզապես զավեշտի է վերածվում, փաստորեն, քիչ է թե՝ խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը՝ ադրբեջանական կողմը հարձակվել է մեզ վրա, դեռ մի բան էլ տիկին Քլինթոնը մեզ է կոչ անում ուժ չկիրառել։ Իհարկե՝ նաեւ հավելելով, որ նույն կոչով հանդես է գալու նաեւ Բաքվում։ Ինչպիսի մեծահոգությո՜ւն։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ անվերջ օգտագործելով այդ չարչրկված «երկու կողմերը» եզրույթը։ Նույն իրավիճակն էր նաեւ անցյալ տարի մարտին, երբ տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը կրկին «կողմերին» կոչ արեց դիպուկահարներին հեռացնել շփման գծից՝ այն դեպքում, երբ դրանից ոչ շատ առաջ եւ Սոչիում ընդունված հայտարարությունից ոչ շատ հետո ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից զոհվել էր հերթական հայ զինվորը։ Ու նաեւ այն դեպքում, երբ հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն էր հայտնել դիպուկահարներին շփման գծից դուրս հանելու հարցում։ Սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ երեկ, հայրենի իշխանություններն այդպես էլ որեւէ կերպ չհասկացրին «խիստ օբյեկտիվ» օտարերկրյա պաշտոնյաներին, որ չի կարելի հավասարության նշան դնել այնտեղ։ Բնականաբար, նման խիզախություն ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ երեկ իրեն չէր կարող թույլ տալ Էդվարդ Նալբանդյանը։ Առավելագույնը, որ նա եւ հայրենի «ռազմահայրենասեր» իշխանությունները կանեն Քլինթոնի հեռանալուց հետո պոստֆակտում հաթաթաներ հնչեցնելն է:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930