Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենում հերթական դիվերսիան, որը արժենում է 3 հայ զինծառայողի կյանք: Այն, որ Հայաստանի իշխանությունը պետք է այդ մասին միանգամայն հստակ և կոնկրետ հարցադրումներ անի Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջ` կասկածից վեր է: Կասկածից վեր է նաև այն, որ հերթական դիվերսիայի համար պատասխանատվություն կրում են նաև Մինսկի խմբի համանախագահները, քանի որ շարունակվող դիվերսիաները, թերևս, ուղղակի հետևանքն են այն բանի, որ հայ զինծառայողների կյանքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները արժանանում են նրանց ոչ թե ուղղակի և կոնկրետ հրապարակային դատապարտմանն ու դիտողությանը, այլ թեկուզ թափանցիկ ակնարկներով, բայց ընդամենը ընդհանուր ձևակերպումներով հայտարարություններին և հորդորներին:
Ավելին` ուշագրավ է, որ մի քանի շաբաթ առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանային գոտում հերթական դիվերսիոն հարձակումն էր եղել և երեք հայ ծինծառայող էր սպանվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր արել և կոչ արել հայկական կողմին ձեռնպահ մնալ պատասխաններից: Այդ ամենից հետո բոլորովին էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական դիվերսիան դարձնել իր քաղաքական գործիքներից մեկը: Բայց այն, որ Ադրբեջանն այդ գործում մնում է անպատիժ, վկայում է թերևս այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից առնվազն մեկը կամ երկուսը, եթե ոչ բոլորը, շահագրգռված են այդ գործիքի առկայությամբ: Համենայնդեպս, առանց Մինսկի խմբում ծանրակշիռ «աջակցության»` Ադրբեջանը հազիվ թե այդպես շարունակեր սադրանքների իր մարտավարությունը, որը գործի է դրվում քաղաքական նշանակալից պահերին:
Ո՞վ է Ադրբեջանի «աջակիցն» այդ գործում: Բոլո՞րը: Այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե արդյոք ինչի համար էր, օրինակ, Միացյալ Նահանգներին պետք, որ Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցից առաջ տեղի ունենար սահմանային արյունոտ միջադեպ: Եթե անգամ ընդունենք, որ ճիշտ են այն ենթադրությունները, թե Քլինթընը գալիս է Ղարաբաղի հարցում նշանակալից առաջընթաց արձանագրելու մտադրությամբ, ապա այդ դեպքում արյունոտ սադրանքը կրկին միամիտ է թվում, քանի որ այդպիսի դեպքերում հասարակությունների հակազդեցությունն առավել մեծանում է: ԱՄՆ-ն առնվազն կգերադասեր սադրանքը պահել այցից հետո, քան առաջ: Բացի այդ, արդյոք Քլինթընն իսկապե՞ս գալիս է Ղարաբաղի հարցում որևէ բեկում արձանագրելու մտադրությամբ կամ դրա համաձայնությունը ստանալու մտադրությամբ: Հազիվ թե:
«Ժամանակ»