Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանի և Քլինթոնի ասուլիսից պարզ դարձավ, որ նախագահի հետ վերջինիս կարճատև հանդիպման հիմնական թեման եղել է հենց ԼՂ հիմնահարցը

Հունիս 05,2012 11:10

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս իր տարածաշրջանային այցն սկսեց Հայաստանից: Նա դեսպանատանը մարդու իրավունքների տեղական մի քանի պաշտպաններին մրցանակ շնորհելու արարողությանն ավելի շատ ժամանակ հատկացրեց, քան պաշտոնական հանդիպումներին ու բանակցություններին:

Այսպիսով, Քլինթոնն ուղղակի ցույց տվեց, որ Հայաստան էր եկել առանց որևէ լուրջ բան քննարկելու մտադրության և միայն դիվանագիտության պատշաճության կանոններից ելնելով: Այսինքն` միայն այն պատճառով, որ չգալը հանկարծ սխալ չընկալվեր: Մինչդեռ իրականում եթե ոչ Քլինթոնը, ապա գոնե Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը նրա հետ քննարկելու առավել քան լուրջ թեմաներ ունեին: Հատկապես վերջին շրջանում ԱՄՆ-ն ավելի անկաշկանդ է շեշտադրումներ կատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության առաջնայնության վրա, որը հակասում է ԼՂ բանակցային մադրիդյան գործընթացի տառին և ոգուն:

Դժվար է ասել` դա ուղղակի կապված է ռուս-ամերիկյան ներկայիս լարվող հարաբերություններո՞վ, թե՞ ոչ, սակայն ԼՂ հիմնահարցը պետք է որ առանցքային լիներ Սարգսյան-Քլինթոն բանակցություններում նաև այն պատճառով, որ տեղավորվում է իրանական հիմնախնդրի շրջանակներում:

Ավելի ուշ, արտգործնախարար Նալբանդյանի և պետքարտուղար Քլինթոնի ասուլիսից պարզ դարձավ, որ նախագահի հետ վերջինիս կարճատև հանդիպման հիմնական թեման եղել է հենց ԼՂ հիմնահարցը: Բանն այն է, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների սկսման մասին ավելի ու ավելի հաճախակիացող կիսապաշտոնական հավաստիացումներին զուգընթաց, առաջին պլան է մղվում ԼՂ հակամարտության գոտում, առհասարակ Հարավային Կովկասում առկա հակամարտություններում ներկայիս հարաբերական կայունության երաշխավորված պահպանումը: Քլինթոնը, թերևս, եկել էր համոզելու Երևանին, որ, զինադադարի պահպանումը ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է:

Սակայն ոչ այքան կարևոր էր` ինչ է փնտրում Քլինթոնը մեզ մոտ, որքան այն, թե ինչ կարելի էր ստանալ նրա այս այցից: Առկա է Հայաստանի շահերը շոշափող առնվազն 4 հիմնական խնդիր, որոնց հետ կապված  Երևանն ավելի սկզբունքային պետք է գտնվեր:

Առաջին` Քլինթոնի Հայաստան ժամանելու օրը Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանագծին, որին զոհ գնաց երեք հայ զինծառայող, ևս 5-ը վիրավորվեցին: Ադրբեջանն այսպես փորձում է հասկացնել, որ չի համակերպվելու իր նկատմամբ`  հարդադարը պահպանելու` միջազգային հանրության և ԱՄՆ-ի ճնշումների հետ: Սակայն սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ երկու հայտարարություններով, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված բազմաթիվ հայտարարություններով ստանձնած` ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորության խախտում է, և Հայաստանը պարտավոր էր ԱՄՆ-ից պահանջելու կոնկրետ գնահատական այս փաստին: Ամփոփիչ ասուլիսի ընթացքում պետքարտուղարն ասել է, որ արդեն տեղեկացել էՙ տեղի ունեցածի մասին և պատրաստվում է ուժի չկիրառման կոչը հնչեցնել նաև Բաքվում: Սակայն պետքարտողարի մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ այդ կոչը հնչելու է ընդհանրական ձևով` առանց կոնկրետացնելու Ադրբեջանի պատասխանատվությունը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցումը ոչ թե զսպում է Ադրբեջանին, այլ նոր սադրանքների է դրդում:

Երկրորդ` Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը, տնտեսական սահմանափակումների ու պատժամիջոցների կիրառումը առաջին հերթին հարվածում է Հայաստանի անվտանգությանը և ԱՄՆ-ն պետք է երաշխիքներ տա, որ ոչ միայն  Հայաստանը չի ներքաշվելու այս արշավում, այլև չեն տուժելու մեր շահերը: Սակայն այս հարցը կարծես թե լրջորեն չի քննարկվել:

Երրորդ` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրերում արդեն երկրորդ անգամ շեշտվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթը: ԱՄՆ-ն պարտավոր էր հստակեցնել` դա նաև իր, որպես ԼՂ հարցով միջնորդ երկրի պաշտոնական մոտեցու՞մն է, թե ոչ: Ըստ էության, Սարգսյան-Քլինթոն բանակցություններում սա ևս երկրորդական թեմա է եղել: Եվ չորրորդ` ԱՄՆ-ն միջնորդ է հանդիսանում նաև հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացում, և նրան պետք էր հասցնել, որ Հայաստանը չի կարող պահպանել  ստորագրությունը 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների տակ Անկարայի ապակառուցողականության պատճառով:

Սակայն ասուլիսին Քլինթոնի այն հայտարարությունից, թե ԱՄՆ-ը կողմ է արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների, պարզ է դառնում, որ պաշտոնական Երևանն այդ հարցը չի բարձրացրել:  Փաստորեն ստացվում է, որ եթե Տավուշի սահմանին երեկվա ցավալի միջադեպը չլիներ, որևէ լուրջ հարց Եր¨անում այդպես էլ չէր քննարկվելու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ
«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930