Այսպիսի լուսանկարով եւ այսպիսի մակագրությամբ ամերիկյան «The Weekly Standard» պարբերականը «Տրակտորներ՝ քվեների դիմաց» վերնագրով հոդվածի ներքո երեկ անդրադարձել է մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին։ Նկարի մակագրությունը թարգմանվում է հետեւյալ կերպ՝ «Լավ, ես քվեարկեցի… որտե՞ղ կարող եմ ստանալ իմ փողը»։ Պարբերականը նշում է, որ վերջին 21 տարում Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները Արեւմուտքի կողմից գնահատվել են որպես մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն։ Հոդվածագիրը, մասնավորապես, գրում է. «Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղերից 69-ը ստացել է Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, որի իրական ժողովրդականությունը ապահովել է «Հավատանք, որ փոխենք» հիասքանչ կարգախոսը, եւս 37 տեղ ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը. նա ձեռնամարտի աշխարհի նախկին չեմպիոն է եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում շրջել է ատրճանակը գոտկատեղին ամրացրած»։ «Նրա ձեռքերը երկու կերած-խմած գյուղացի տղաների ձեռքերի չափ են»,- գրում է հոդվածագիրը, ապա ավելացնում, որ մնացած 17 տեղերը բաշխվել են ընդդիմադիր երեք ուժերի միջեւ։
Այնուհետեւ հոդվածագիրը տարակուսում է, որ նախորդ՝ 2007-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո 300 հազար հայ է լքել հայրենիքը, մինչդեռ՝ այս տարվա ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը ավելացել է 200 հազարով։ «Ինչպես հայտնի է, արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին չի թույլատրվում քվեարկել, սակայն, նրանց անուն-ազգանուններն ու անձնագրի տվյալները, այդ թվում՝ նաեւ մահացած քաղաքացիների տվյալները, ոստիկանության տրամադրության տակ են, եւ ընտրությունների օրը հայտնվել են նոր տպված անձնագրեր, որոնք էլ տրվել են ակնհայտորեն 18-ից ցածր տարիքի երիտասարդների ձեռքը։ Անձնագրերում դրվել է արագ անհետացող թանաքով կնիք, ինչը հնարավոր է դարձրել ընտրություններին կրկնակի մասնակցությունը։ Հենց այդպես էլ նախագահի գլխավորած կուսակցությունը կարողացել է ապահովել ստացած 1.5 միլիոն քվեներից կես միլիոնը,- գրում է պարբերականը ու շարունակում,- կեղծարարությունը միակ խնդիրը չի եղել։ Ցանկացած հանրային կառույց վերահսկվում է իշխող կուսակցության կողմից։ Դպրոցների, հիվանդանոցների աշխատակիցներն ու բանակը քվեարկում են նախագահի կուսակցության օգտին՝ վախենալով հնարավոր հետեւանքներից՝ աշխատանքից զրկվելուց։ Նույնիսկ ոմանք թեկնածուներ են առաջադրվում իրենց կամքին հակառակ։ Ես գիտեմ երկու հանրապետականի, որոնք գաղտնի քվեարկել են ընդդիմության օգտին»,- նշում է հոդվածագիրը, ապա շարունակում. «Մեկ ամիս տեւած քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցությունները համատարած կաշառք են բաժանել։ Կաշառքների մեծ մասը բաժանվել են 5 եւ 10 հազար դրամանոց թղթադրամների տեսքով։ Իսկ ձեռնամարտիկի կուսակցությունը տրակտորներ է բաժանել։ Դա այնքան բացահայտ է արվել, որ ԵԱՀԿ-ի դիտորդները դա նկատել են»։
Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ որոշ ընտրողներ պատռել են իրենց տրված գումարը եւ դրել քվեաթերթիկի մեջ։ Սակայն, ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, նման կերպ վարվող մարդիկ քիչ են եղել, իսկ նրանց քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել։
«Հայկական ժամանակ»