Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ՍԴ-ն կորոշի մեծամասնականների ճակատագիրը

Հունիս 05,2012 10:26

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրությունում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մեկն է այն վեց մեծամասնական թեկնածուներից, ովքեր ընտրության ելքը վիճարկում են ՀՀ Սահմանադրական դատարանում: Սամվել Հարությունյանը պահանջում է «Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի «Թիվ 37 ընտրատարածքում Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» N31-Ա որոշումն անվավեր ճանաչել»:

Ըստ դիմումատուի, ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրությունը թիվ 37 ընտրատարածքում նախապատրաստվել և անցկացվել է ՀՀ Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի, այլ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կոպտագույն խախտումներով: Օրինակ. «Ծագումով սիսիանցի Թ.Հակոբյանին ապօրինաբար, հակառակ Խաչատուր Սուքիասjանին,Էդուարդ Մադաթյանին չգրանցելու նախադեպերի, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցելու իրողությունը ըստ նախապես ծրագրված սցենարի, ծառայեցվել է հատկապես Սիսիանի տարածաշրջանի ընտրողների շրջանում ունեցածս բարձր վարկանիշը չեզոքացնելու,իմ օգտին տրվելիք ձայները տրոհելու և ԱԺ պատգամավոր ընտրվելու հնարավորությունս բացառելու նպատակին:Ակնհայտ է,որ Թ. Հակոբյանի թեկնածության ապօրինի գրանցումը, տեղայնամոլական ախտի շահարկումը,նրա օգտին ընտրությունների արդյունքով հաշվարկված 11822 ձայներն,որոնց մի մասը եղել է իմ օգտին տրված ձայներ, էական ազդեցություն են ունեցել ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքների վրա»:

Կամ «Հայաստանի Հանրապետությունից տարիներ առաջ և վերջին շրջանում արտագաղթած, երկար ժամանակ բացակայող, անգամ այդ ընթացքում Հայաստան չժամանած,վաղուց այլ պետությունների քաղաքացիություն ունեցող հազարավոր մարդկանց անուններն ընդգրկվել են ընտրողների ցուցակներում» եւ այսպես 11 կոնկրետ դեպք եւ իրողություն:

Իր նշած փաստերին իբրեւ ապացույց Հարությունյանը փաստում է.«Տաթև գյուղի թիվ 37/37 ընտրական տեղամասում ընտրական հանձնաժողովի`ընտրությունների արդյունքների ամփոփումն է, ըստ որի այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել են 475 ընտրողներ,քվեարկության արդյունքով ձայները բախշվել են հետևյալ կերպ. անվավեր քվեաթերթիկների թիվը`11 ,Հայկ Գրիգորյանին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` 391, Թաթուլ Հակոբյանին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` 3,Սամվել Հարությունյանին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` 69,Վարազդատ Վարդազարյանին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` 1: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփելուց և հրապարակվելուց հետո այդ տեղամասում կատարված քվեարկության արդյունքները կեղծվել են ի վնաս ինձ և հօգուտ Թաթուլ Հակոբյանի ու Վարազդատ Վարդազարյանի: Ինձ կողմ քվեարկված 69 քվեաթերթիկներից 40-ը հաշվարկվել է Թ. Հակոբյանի, 7-ը Վ.Վարդազարյանի օգտին: Վստահ եմ,որ այդ տեղամասում ինձ կողմ քվեարկված քվեաթերթիկները եղել են 69-ից ավելի: Մոտավորապես նման պատկեր է եղել թիվ 37/31,37/36,37/1,37/4,37/5,37/6,37/7,37/8,37/9,37/10,37/11,37/12,37/13,37/14,37/15,37/16,37/18,37/22,37/23,37/24,37/25,37/26,37/27,37/28,37/29,37/39,37/40,37/
44,37/51,37/59,37/60,37/62,37/64,37/65,37/66,37/68,37/69,37/70,37/72,37/73,37/74 եւ այլ տեղամասերում»:

Սամվել Հարությունյանի դիմում այսօր ժամը 10:00-ին քննվելու է գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմն արդեն ներկայացրել է իր բացատրությունը, «Այդ «Բացատրությունն» ավելորդ անգամ ինձ համոզում է,որ հարյուր արհեստավարժ իրավաբանների թիմ ունենալու պարագայում անգամ չէի կարող կանխել ընտրատարածքում ավանդույթ դարձած վայրի կամայականությունները, կանգնեցնել տխրահռչակ ընտրամեքենայի հրեշավոր ընթացքը և, որ միայն մեր երկրում, հատկապես թիվ 37 ընտրատարածքում է հնարավոր հասարակությանն անհայտ, զրոյական վարկանիշ ունեցող, քարոզարշավի ընթացքում հրապարակային հանդիպումներից, մրցակից թեկնածուների հետ բանավեճերից խուսափած, որևէ ելույթ չունեցած, անգամ զանգվածային լրատվամիջոցներին լիազոր անձանց միջոցով ներկայացող մեկի օգտին քվեարկության արդյունքներով հաշվարկվի 19894 ձայն և այդպիսինը դառնա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրածս դիմումով նպատակ եմ հետապնդում հասնել նրան,որ Բարձր դատարանը ոչ միայն վերականգնի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի խախտված իրավունքներս, այլև ՀՀ Սահմանադրությունը, այլ օրենքներ,պաշտպանի ենթարկված ոտնձգությունից, նաև որոշում ընդունի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, որպեսզի խախտված իրավունքներս և մեր երկրի օրենսդրությունը ստիպված չլինեմ պաշտպանելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- պատասխանողի բացատրությանն ի պատասխան գրում է Սամվել Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930