Գիշերով Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղ մտած գայլը միանգամից 5 ոչխարի է հոշոտել: Գայլին գյուղում տեսնող է եղել եւ ըստ ականատեսների`գիշատիչը խոշոր էր ու գորշ գույնի: Սոված գայլի կերի բաժին են դարձել Լոր գյուղի բնակչուհի Ռոզա տատի չքավոր ընտանիքին պատկանող 7 ոչխարներից 5-ը: Անասնագոմից տարօրինակ աղմուկ լորեցի այս ընտանքիի անդամենրը լսեցին ընտանիքի անդամներից մեկի ծննդյան խնջույքի ավարտից հետո` հյուրերին իրենց տներ ճանապարհելիս: Այնտեղ շտապելուց տեսան արնաքամ եղած, գայլի կողմից հոշոտված ոչխարներին՝ գետնին փռված: «Ոչխարներն ամբողջությամբ ծվեն-ծվեն եղած, ստեղից-ընդեղից փրթված, արնաքամ վիճակում էին: Վախեցանք դրանց միսը ուտենք, տարել ենք լցրել գետը: Ողջ մնացած մի ոչխարի գլուխն էլ ուռած ա մինչեւ հիմա, չգիտենք կապրի, թե? կսատկի: Բայց ափսոս էր, 5 ոչխար եկամտից զրկվեցինք, էդ փողով խանութից բան-ման էինք առնում, անասնակերի ծախսերն անում, 2 գառն էլ մի քանի օր առաջ էինք ծախել», – սրտնեղված պատմում է 77-ամյա Ռոզա տատիկը, ով հավաստիացնում է, որ երբեւէ չի հիշում գայլերը ոչխարներին վնաս տան հենց գյուղամիջում: Հովսեփյանների այս ընտանիքին պատկանող անասնագոմի անդամներից միայն այծին հաջողվեց փախչել գայլի ճիրաններից, որին հաջորդ օրը գյուղացիները կենդանի գտան գյուղի սարում:
Լորում այժմ բոլորն իրենց անասնագոմերին ավելի ուշադիր են հետեւում ու առանց կողպելու չեն թողնում, միայն այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչպե՞ս էր գիշատիչը համարձակվել գյուղի կենտրոն հասնել, եթե գյուղն ամբողջությամբ լուսավորված էր եւ մթության մեջ թաղված չէր:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ