Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը` Քլինթոնի այցի մասին. «Որտե՞ղ է հիմա Յուլիա Տիմոշենկոն»

Հունիս 05,2012 00:07

արխիվային լուսանկար

Աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից բավականին ուշ նախագահի մամուլի գրասենյակը հաղորդագրություն տարածեց: Ըստ մեկուկես էջանոց պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանն ու տիկին Քլինթոնը միմյանց միայն գովեստի խոսքեր են շռայլել: Ինչպես ընդունված է հայերիս շրջանում ասել` «ջան են ասել, ջան են լսել»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ զրույցում Aravot.am-ը փորձեց հասկանալ` քաղաքական գործչի համար այդ հաղորդագրությունից պարզ դարձա՞վ` ինչո՞ւ էր տիկին Քլինթոնը ժամանել մեր երկիր: Մեր զրուցակիցն էլ մի տպավորություն է ստացել, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ գնահատանքով է խոսել Սերժ Սարգսյանի մասին. «Ես ուրախ եմ, որ տիկին Քլինթոնն այդքան գնահատում է Սերժ Սարգսյանին, բայց լավ կլիներ, որ այդ գնահատականը նաեւ Հայաստանի ժողովուրդը տար: Բայց, կարծում եմ, որ, ցավոք, հիմա մենք գործ ենք ունենալու էլ ավելի վատթար վիճակի հետ»: Իր վերջին միտքը Արամ Կարապետյանն այսպես է բացատրում. «Հիշում եմ, թե ինչպես էին բոլորը ողջունում Էդվարդ Նալբանդյանին` Ցյուրիխում, արձանագրությունների առիթով: Եթե գերտերությունների ղեկավարները ինչ-որ մեկին այդպես գովում են, մի կողմից հպարտ ես, լավ է, բայց մյուս կողմից` ինձ մոտ միշտ տպավորություն կա, որ փոխարենը ինչ-որ բան ուզելու են: Այնպես որ` այդ գովեստներից` մեզ, հայերիս համար, որեւէ լավ բան սպասել պետք չէ եվ մեր տառապանքը փորձ ունի»:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում եւ անկախ ՀՀ նախագահի PR-ով զբաղվողների գրած տեքստերից, ՆԺԿ նախագահի կարծիքով ՀՀ-ի առջեւ երեք հարց կա ծառացած, որոնցից մեկի համատեքստում պետք է դիտարկել այդ գովեստները` ԼՂՀ խնդիր, հայ-թուրքական սահմանի բացում, սիրիաիրանական պատերազմական թնջուկ, որոնց ածանցյալ են արդեն ԵՄ, ՆԱՏՕ կամ Եվրասիական միություն Հայաստանի գնալը, տնտեսական օգնությունները եւ այլն:

Արամ Կարապետյանը մեր պետական գործիչներին հիշեցնում է Յուլիա Տիմոշենկոյի օրինակը. «Եթե չեմ սխալվում` 2010-ի հուլիսի 2-3-ին էր, երբ Քլինթոնն այցով եկել էր Ուկրաինա եւ առանձին հանդիպում էր ունեցել արդեն ոչ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ: Նրան անվանեց դեմոկրատիայի ռահվիրան, ասաց, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ժողովրդավարությունը Ուկրաինայում հաղթի եւ այլն… Որպես հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որն անգամ իր թշնամուն վատ բան չի ցանկանում` կցանկանայի, որ մեր պետական գործիչները այս օրինակը միշտ աչքի առջեւ ունենային: Խորհուրդ կտայի, որ չափավորեն այդ հիացմունքի զգացումը: ես կողմնակից եմ, որ պետական գործիչներին գովեն սեփական ժողովուրդները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930