Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականների համար կոալիցիան անցյալում է, ՀՀԿ-ականների համար՝ ուժի մեջ

Հունիս 05,2012 00:09

Եթե ուժի մեջ է նախկին կոալիցիոն հուշագիրը, այդ դեպքում ո՞րն է անհրաժեշտությունը նոր կոալիցիոն հուշագիր ստորագրելու, որը ԲՀԿ-ն չարեց, ի՞նչ նոր կետ պիտի ավելանար այդ հուշագրում, որը չկար նախկին հուշագրում: Այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանին, որը կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ-ՀՀԿ-ի միջեւ ստորագրված նախկին կոալիցիոն հուշագիրը դեռ ուժի մեջ է: Ըստ նրա, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն այլ բան չի հայտարարել, ուրեմն դեռ ուժի մեջ է նրա ստորագրությունը եւ պայմանավորվածությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մեզ հետ զրույցում Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ հարցը չի հասկանում, ինչ վերաբերում է նոր կոալիցիոն հուշագիրը չստորագրելուն, նրա խոսքերով՝ «սիրելիս, կոալիցիայի մեջ մտներ՝ կստորագրեր, չմտավ՝ չստորագրեց»: Մեր հարցին՝ ժամկետի խնդիր չկա՞ր նախկին հուշագրում, այն անժամկե՞տ է, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Կար մի հատ հուշագիր, որտեղ կար նախագահական ընտրությունների մասին թեզ: Հիմա ասում եմ՝ այդ խնդրի վերաբերյալ  «Բարգավաճ Հայաստանի» լիդերը ոչ մի բան չի ասել, այդ ժամկետն էլ դեռ չի եկել»: Մեր հարցին՝  ե՞րբ է ժամկետը գալու, նա պատասխանեց. «Երբ որ նախագահական ընտրություններն ավարտվեն»:

Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հիմնական կետերից մեկը նաեւ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին պաշտպանելու հարցն էր, որը ԲՀԿ-ն չստորագրեց՝ այդ հարցը թողնելով անորոշ: Գագիկ Մինասյանը սրա հետ էլ չհամաձայնվեց. «Քեզ ո՞վ է ասել, որ նոր հուշագիր պիտի ստորագրվեր, դու այնտե՞ղ էիր, գիտե՞ս ինչի համար չի ստորագրվել, չի եղել: Տարբեր խնդիրներ են քննարկվել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ եւ որոշվել է, որ «Բարգավաճ Հայաստանի» կողմից իր արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի, եթե ինքը գործի խորհրդարանում՝ որպես կառուցողական այլընտրանք»:

Նշենք, որ ի տարբերություն ՀՀԿ պատգամավորի, ԲՀԿ-ականները մինչ ընտրությունները մի քանի անգամ ասել են, որ կոալիցիոն նախկին հուշագիրն ուժի մեջ է մինչեւ ընտրությունները, ու քանի որ կոալիցիոն գործընկերները ընտրությանը մասնակցում են առանձին, կոալիցիան դառնում է անցյալ: Մասնավորապես՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած բանավեճի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը Ստյոպա Սաֆարյանին վստահեցնում էր, որ «կոալիցիան դադարում է գոյություն ունենալուց՝ ԱԺ լիազորությունների դադարման հետ մեկտեղ»: ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը նույնպես ասել էր, որ «կոալիցիան գործում է մինչեւ ընտրություններ»: Իսկ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Վահան Բաբայանը եւ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էին, որ նախընտրական շրջանում կոալիցիան արդեն անցյալում է, որ այն, բնականաբար, չի կարող հավերժ լինել եւ ժամանակավոր բնույթ է կրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930