Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ազատամարտիկը պատրաստ է վաճառել իր միակ շինությունը` պետության տված օգնությունը պետությանը վերադարձնելու համար

Հունիս 04,2012 19:22

Մոտ մեկ տարի է`  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատում են  ՀԱԿ ակտիվիստ, ազատամարտիկ Ժորա Աթոյանին: Գրեթե ամեն դատական նիստի քննում են այն հարցը,  թե ազատամարտիկը   ստացե՞լ է  կոնտուզիա կռվի դաշտում, թե՞ թոշակավորվել է,  այսպես ասած,  «սիմուլյանտություն» անելով: Ժորա Աթոյանին  մեղադրում են Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով`  խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու, ու այսպիսով՝ պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ:

Այսօր տեղի ունեցավ վերջին դատական նիստը . ազատամարտիկը,  ով մշտապես զայրանում էր իրեն անհիմն մեղադրելու համար ու պնդում էր, որ իր գլխին գործ են սարքել իր ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով, այսօր իր վերջին խոսքում ասաց. «Ես բացարձակ որևիցե հանցանք, որևիցե անօրինական գործողություն, ապօրինի քայլ չեմ կատարել, պետության ունեցվածքի նկատմամբ անօրինական ոտնձգություն չեմ թույլ տվել, չեմ մեղանչել օրենքի առաջ, բայց եթե պետությունը գտնում է, որ ես պետք է իրեն վերադարձնեմ  օրինական ճանապարհով ինձ հատկացված   օգնությունը, որն ինձ որպես՝ հաշմանդամի տրամադրվել է  պաշտպանության  նախարարության կողմից, պետական միջոցներից՝  ես կվերադարձնեմ: Ելնելով իմ առողջական  ծանր վիճակից, նաև ընտանեկան վիճակից, քանի որ կինս նույնպես ծանր առողջական վիճակի մեջ է՝ վիրահատված է, չեմ էլ ուզում հիվանդության անունը նշել, ես պատրաստ եմ այդ գումարը վերականգնել և իմ գումարի վերականգման միակ միջոցը, որն իմ շինությունն է, պիտի վաճառեմ, եթե էդ գումարը կկարողանամ վերականգնել :Ես չեմ խուսափում էդ գումարը վերականգնելուց, սակայն բողոքարկելու եմ մինչև վերջ, որպեսզի գտնեմ արդարություն: Եթե պետական մեղադրողի կամ մեր արդարադատությունը իրականացնող մարմինների նպատակը էն չէ, որ Աթոյան Ժորան հայտնվի անազատության մեջ, ուրեմն՝ բնականաբար, ինձ ժամանակ է պետք, որպեսզի ես կարողանամ շինությունը վաճառել և էդ գումարը վերականգնել: Ես չեմ խուսափում էդ գումարը վերականգնել, պետությունը տվել է, պետություն էլ հետ է պահանջում, օրինական ձևով տվել է , օրինական ձևով էլ հետ է պահանջում, ես պատրաստ եմ  միայն  էդ պատճառով գումարը վերադարձնել, ոչ թե ինձ մեղավոր եմ ճանաչում , այլ նշածս պատճառով»:

Վաղը դատավոր Մարտին Սարոյանը կհրապարակի վճիռը, ու պարզ կդառնա ազատամարտիկին ազատ կարձակեն գումարը փոխհատուցելո՞ւ պահանջով, թե՞ կուղարկեն գաղութ: Նշենք, որ  առաջադրված մեղադրանքների համաձայն՝  Ժորա Աթոյանինս պառնում է 8 տարվա ազատազրկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930