Քիչ առաջ ավարտվել է Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հայաստանյան քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների, ովքեր ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերել, ԱՄՆ պետքարտուղարը մրցանակներ է հանձնել: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղարից պարգեւներ են ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ իբրեւ իրավապաշտպան, լրագրող Ծովինար Նազարյանն՝ իբրեւ խիզախ կին, որը բանակում զոհված եղբոր իրավունքներն է առաջ տանում եւ օգնում է այլոց՝ համանման հարցերում, բնապահպանական մրցանակ է ստացել Թեղուտի պաշտպան խումբը, ոստիկանության բարձրաստիճան սպա, Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն՝ ով ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունում բարեփոխումների համար:
«Այդ հրավերը շատ հաճելի էր եւ ներկայանալի, բայց ես այն ընդունեցի հիմնականում այն պատճառով, որ Վահագն Չախալյանի փաստաբանի կողմից տիկին Քլինթոնին փոխանցվելիք փաստաթղթեր ունեի՝ կապված Չախալյանի գործով մի շարք ապօրինությունների հետ: Բայց, ընդհանուր առմամբ, բարձր պաշտոնյայի այց էր»,- իր տպավորությունն Aravot.am-ի հետ կիսեց Զարուհի Փոստանջյանը: Հետաքրքրվեցինք՝ տիկին Քլինթոնը Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ի՞նչ ուշագրավ հայտարարություններ արեց: Մեր զրուցակիցն ասաց, որ ընդհանուր տիպի խոսակցություն եւ հայտարարություններ են եղել:
ԱՄՆ պետքարտուղարի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ չի եղել նաեւ մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև