Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գետահովտի թաղամասը սահում է, հույսը միայն Աստված է

Հունիս 04,2012 17:34

 Իջեւան քաղաքին գրեթե կպած Գետահովիտ գյուղի հին գերեզմանատան թաղամասը գտնվում է սողանքային վտանգավոր գոտում: Գետահովտի գյուղապետարանից հայտնեցին, որ սողանքի գոտում է գտնվում 95 տուն, որից 50-ը՝ հին գերեզմանատան թաղում:

Գետահովտի 2 տուն ունի վթարայնության 5-րդ , 22-ը՝ 4-րդ կարգ: Սողանքն օրեցօր ակտիվանում է, մարդիկ քնում են ահը սրտում, երկյուղելով, որ ամեն գիշեր կարող է փլուզում լինի, եւ իրենք կմնան փլատակների տակ:

Հին գերեզմանատան թաղամասի սկզբնամասում ճանապարհը մոտ կես մետր փոս է ընկել: Ընդերքում կատարվող տեղաշարժի պատճառով ջրատար խողովակները հայտնվել են գետնի երեսին, տեղ-տեղ գետինը պատռվել է, խոր փոսեր են առաջացել: Գետահովտում սողանքային երեւույթներն ի հայտ են եկել 1988թ. երկրաշարժից հետո, ստորեգետնա ջրերի hոսքի պատճառով հողի սահքն ակտիվացել է:

Առավել վատթար վիճակում է միայնակ ապրող կենսաթոշակառու Հերիքնազ Առաքելյանի տունը, վերջին երկու ամիսներին նրա տունն ու բակը սկսել են փլվել: Տարեց կնոջ տան պատշգամբը, կառույցի սյուներն ու աստիճաններն իջել են: Տան հիմք-գետինը «նստում» է, հենապատերն անկարող են եղել դիմանալ բնության տարերքին: Տարեց կինը ստիպված փլված պատշգամբի վրայով փայտե կամրջակ է անցկացրել, որով շրջանցում է փլատակները: Նա չի ուզում լքել իր տունը , զավակների մոտ արտերկիր տեղափոխվել:

Իսկ նույն թաղամասի բնակիչ Վալերի Ղազարյանը ստիպված լքել է իր նորակառույց երկհարկանի տունն ու բազմանդամ ընտանիքը տեղափոխել մեկ այլ տուն, վարձով բնակարան:

Հայտնենք, որ դեռեւս 90-ականներին Գետահովտի վեց ընտանիք սողանքի համար փոխհատուցում է ստացել եւ տեղափոխվել այլ տեղ ապրելու: Գետահովտի գյուղապետ Սարգիս Ղազարյանը այս թաղամասի խնդրի, աստիճանաբար ուժեղացող սողանքի եւ մարդկանց սպառնացող իրական վտանգի մասին բազմիցս հայտնել է Տավուշի մարզպետարան եւ կառավարություն: Գյուղապետն ասում է, որ սողանքի հետեւանքով ջարդվում են ջրատար խողովակները, եւ իրենք ստիպված են լինում դրանք փոխել: Կառավարության օգնությունն առայժմ չկա:

– Ոչ մեկից օգնության հույս չունենք, հույսներս միայն Աստված է,- ասաց համայնքի ավագանու անդամ Գագիկ Հարությունյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930