«Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականը հրապարակել է հրապարակախոսական մի հոդված, որտեղ ներկայացրել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կատարվող այցելության պատճառները:
Հոդվածի բոլոր երեք հեղինակները ժամանակին բարձ պաշտոններ են զբաղեցրել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների պետական մարմիններում: Այսպես, Դենիս Քորբոյը, որն այժմ Լոնդոնի Քինգս քոլեջում զբաղեցնում է ավագ գիտաշխատողի պաշտոնը, ժամանակին զբաղեցրել է Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի դեսպանի պաշտոնը: Ուիլյամ Քորթնին զբաղեցրել է Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնականի, իսկ Քենեթ Յալովիցը՝ Բերառուսում և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:
Հոդվածը մեկնարկում է այն համոզմամբ, որ այս շաբաթ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է, քանի որ Կովկասում առկա է առճակատման վտանգ, որը կարող է ազդել ամերիկյան ու եվրոպական շահերի վրա և այն կանոնավոր ու բարձր մակարդակի ուշադրության կարիք է զգում:
Այնուհետ, հրապարակախոսական հոդվածում նշվում են տարածաշրջանում առկա խնդիրները, որոնցից են Ռուսաստանի տարածքում գտնվող Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ահաբեկչության ու ապստամբության տարածումը, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի կից շրջանների Ռուսական օկուպացիան մեծացնում է լարվածությունը, և, ըստ հոդվածում օգտագործվող ձևակերպման, «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների մեծ հավանականության առկայությունը ՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի շուրջ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արցախյան խնդրին, թերթը գրում է, որ «Լեռնային Ղարաբաղի պատերազմը 90-ականների սկզբին տեղահանեց մոտ մեկ միլիոն մարդու և Հայաստանին թույլ տվեց վերահսկում սահմանել անկլավի և Ադրբեջանի տարածքի ևս 9 տոկոսի նկատմամբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ձգտում է հակամարտության միջնորդավորված լուծման, սակայն բանակցություններն արդեն երկար են ձգձգվում»:
«Հաճախակի է խախտվում փխրուն հրադադարը: Ռուսաստանը զինում է Հայաստանին և այնտեղ ռազմակայան ունի: Ադրբեջանն օգտագործում է նավթի վաճառքից ստացված իր եկամուտները իր նավթային հարստությունը սպառազինությունների կուտակման համար, իսկ դրա դաշնակից Թուրքիան արդեն մեկ տասնամյակից ավել փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանկարծակի ապասառեցվել», – նշվում է հոդվածում:
«Ինչպե՞ս կարող են Ամերիկան և Եվրոպան նվազեցնել ռիսկերը Կովկասում» հոդվածում բարձրացվող հարցին հեղինակներն առաջարկում են մի քանի լուծում:
Ըստ հեղինակների, Ամերիկան և Եվրոպան պետք է վճռականորեն սատարեն Վրաստանի անկախությանը և այս երկրի տարածքի մեկ հինգերորդ մասի անօրինական օկուպացիայի դեմ հանդես գան:
«Մոսկվային չպետք է թույլ տրվի վերահսկողություն հաստատել Վրաստանի միջոցով կասպիական էներգիայի արտահանման նկատմամբ: Եվրոպան և Ամերիկան պետք է Վրաստանին ստիպեն Հյուսիսային Կովկասում չսերմանել հակառուսական թշնամանք: Նրանք պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ՝ Օլիմպիական խաղերի հետ կապված ահաբեկչական գործողությունները կանխելու համար», – ասված է հոդվածում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն Ամերիկան և Եվրոպան այլևս չեն կարող հետին պլանում պահել: Ադրբեջանի ներսում նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ է կանգնած իրենից գործողություններ ձեռնարկել պահանջող ճնշումներին, սակայն Եվրոպան և Ամերիկան պետք է նախազգուշացնեն վերջինին անբարենպաստ հետևանքների, մասնավորապես՝ ավելի մեծածավալ տարածաշրջանային պատերազմի ծավալման մասին: Էներգետիկ ներդրումները Ադրբեջանում և դեպի Եվրոպա նոր խոշոր գազամուղը՝ «Նաբուկո»-ն, կարող են զոհ գնալ այդ վտանգներին», – ընդգծում են հոդվածի հեղինակները:
Ըստ հոդվածի հեղինակների, ԵԱՀԿ-ի անդամները հիմնականում դադարեցրել են աշխատել Ռուսաստանի հետ Հյուսիսային Կովկասում ստեղծված լարված իրավիճակի շուրջ, սակայն ռիսկերն աճում են և կարող են անցնել Ադրբեջան ու Վրաստան: Հեղինակները համոզվածություն են հայտնել, որ անդամները պետք է օգտագործեն Վիեննայում գործող մշտական խորհուրդը՝ մտահոգությունները բարձրաձայնելու և երկխոսություն սկսելու նպատակով:
«Իր այցի ընթացքում արտգործնախարար Քլինթընը պետք է ուշադրություն հրավիրի այս լարված իրավիճակների նկատմամբ և վերահաստատի, որ Արևմուտքը ակտիվորեն կաշխատի բախումներն ու հակամարտությունները կանխելու ուղղությամբ», – եզրափակել են հոդվածի հեղինակները:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»