Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծավում անցկացված հասարակական լսման արձանագրությունն արդեն կազմվել է

Հունիս 04,2012 17:23

 

Սյունիքի մարզի Ծավ գյուղից 15 կմ հեռու գտնվող Բարձրադիրի «Մազրա» ոսկու հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ մայիսի 9-ին անցկացված հասարակական լսումների արձանագրությունն արդեն կազմվել է, որի տակ ստորագրել են Ծավի համայնքի ղեկավար Արարատ Մարտիրոսյանն ու քննարկմանը ներկա ավագանու անդամներից 3-ը:

Հանքավայրի աշխատանքային նախագծի մասին կայացած հասարակական լսումների արձանագրությունը թերեւս անվանվել է «Բարձրադիրի «Մազրա» ոսկու հանքավայրի բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակական լսումների արձանագրություն», որտեղ ներկայացվել են հասարակական լսումների ժամանակ բարձրացված հարցերն ու պատասխանները, ներկաների տեսակետներն ու մեկնաբանությունները, որոնց հանգամանալից անդրադարձել էր նաեւ «Առավոտը»:

Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ արձանագրությունում բացակայում է 2 կարեւոր տեղեկատվություն: «Լցակույտերի համար նախատեսված 40 հա տարածքի վերաբերյալ տեղեկատվություն չկա արձանագրության մեջ: Մենք լսսումների ժամանակ մասնագետներին հարցրեցինք, որտե՞ղ է գտնվում այդ 40 հա-ը, քանի որ տարածքին լավ տեղյակ մարդիկ հավաստիացնում են, որ լցակույտերի համար հարմար տարածք չկա, քանի որ տարածքը ուղղաձիգ է եւ խոր թեքությամբ, այնտեղ հնարավոր չէ լցակույտեր տեղադրել, բայց պատասխան կողմից հստակ տեղ այդպես էլ չնշվեց: Սովորաբար, ինչ-որ չի ասվում` ուրեմն դրա տակ մի բան է թաքցված ու կասկածանքի տեղիք է տալիս: Եվ հաջորդ ամենակարեւոր կետը` լսումների օրը համապատասխան մասնագետ չկար, որ կենսաբազմազանության մասով տեղեկատվություն տար, թե այդ 40 հա լցակույտերի համար նախատեսված տարածքում ի՞նչ կենդանի օրգանիզմներ կան` «Կարմիր գրքում» գրանցված կենդանական ու բուսական աշխարհ, դրանց հասցվելիք հնարավոր վնասի մասին, միայն ասացին, որ վնաս չի հասցվելու, ընդամենը` դա, իսկ այդ մասին արձանագրությունում եւս բան չի ասվում: Պետք է հաջորդ քննարկման ժամանակ հստակ հիմնավորում տրվի մեր բարձրացված այս հարցերին, ի՞նչ տարածք է հատկացվելու խոր թեքությամբ, մինչեւ որտեղ է լցվելու, հեղեղումներից այդ ջրերն ո՞ւր են գնալու, արդյունքն ի՞նչ է լինելու ու կենդանական, բուսական աշխարհին ի՞նչ վնաս է հասցվելու: Ի վերջո, տվյալ կազմակերպությունը ներկայացնում է հանքի շահագործման նախագիծը, ոչ թե` հետախուզման» , – նշում է Աշոտ Ավագյանը:

Հիշեցնենք, որ հանքավայրի ուսումնասիրությունն իրինականացնող «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը ոսկու հանքավայրը նախատեսում է շահագործել 14 տարով, որից առաջին 3 տարին նախատեսված է հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:

Կապանի տարածաշրջանի նույն այդ տարածքը, որտեղ գտնվում է «Շիկահող» պետական արգելոցը, էկոտուրիզմի զարգացման մեծ հեռանկար ունի, որի համար միջազգային կազմակերպություններն այստեղ մեծ ծրագրեր են նախատեսում իրականացնել` նպատակ ունենալով պահպանել վայրի բնությունը եւ միաժամանակ խթանել տարածաշրջանի գյուղերի զարգացմանն ու կենցաղի բարելավմանը: Իսկ բնապահպանական ոլորտի մասնագետներն անհամատեղելի են համարում էկոտուրիզմն ու հանքավայրը` եզակի կենսաբազմազանությամբ հարուստ միեւնույն տարածաշրջանում:

Ծավի ու հարեւան համայնքների բնակիչների համար օրախնդիր է մնում գյուղի պահպանման, գոյատեւման հարցը, ինչը հնարավոր են համարում ջեռուցման խնդիրը լուծելով եւ ամենակարեւորը` աշխատատեղերի առկայությամբ, քանի որ գործազրկությունը խթան է հադիսանում գյուղերի դատարկմանն ու արտագաղթի տեմպերի արագացմանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930