Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը չէր լսել, որ ՀԱԿ-ն իրենց մեղադրում է բյուջեի թալանի մեջ

Հունիս 04,2012 16:39

«Մեր երկրի բյուջեն պիտի կազմեր 7.5 միլիարդ դոլար, բայց այսօր ընդամենը 2.5 միլիարդ է: 5 միլիարդը թալանել են իշխանությունները: Որ թալանում են՝ դուք գիտեք: Բայց գիտե՞ք` ինչքան են թալանում. երկրի հարստության 2/3 մասը պատկանում է ընդամենը 50-60 ընտանիքի: Բյուջեն իբր պատկանում է ժողովրդին՝ 2,5 մլրդ դոլար: Բայց բյուջեից դուրս՝ ամեն տարի գոյանում է դրա կրկնապատիկը՝ 5 մլրդ դոլար, որը մտնում է նրանց գրպանը»: Սա մի հատված էր Մասիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից` ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ: ՀԱԿ առաջնորդը ողջ քարոզարշավի ժամանակ նաեւ ընտրողներին հիշեցնում էր` «ընտրությունների ժամանակ առավելագույնը 20 հազար դրամ են բաժանում, բայց իշխելու տարիներին ժողովրդից թալանում են նվազագույնը 20 մլրդ դոլար»:

Իշխանությունների թալանի մասին այս խոսքերը հիմա հիշեցնում ենք, որովհետեւ այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հերքեց, որ ընդդիմությունն ասել է, թե իշխանությունները թալանել են: Երբ պարոն Մինասյանը խոսում էր համաշխարհային ճգնաժամից, որ կառավարության բախտը միայն  դրա համար չբերեց, որովհետեւ ճգնաժամ եղավ, Aravot.am-ի դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծիք է հայտնել, որ ճգնաժամը օգնության է եկել իշխանությանը, որովհետեւ այն թալանին, որը իրականացվել է, արդարացում ունեցան: Գագիկ Մինասյանը զարմացած էր. «Ինչի՞ թալանը»: Մեր պատասխանին` բյուջեի, պետական բյուջեի, պետական միջոցների` պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Դա հիմարություն է, ի՞նչ է նշանակում բյուջեի թալանը, ի՞նչ է թալանել: Ախր տենց բան մի ասեք, որովհետեւ պետական բյուջեն հաստատվում է Ազգային ժողովում, տող-տող, կոպեկ-կոպեկ հետո գալիս են հաշվետվություն են տալիս: Թալանը որ ասում եք` ի՞նչ է, ի՞նչ թալան, ինչի՞ թալան: Բյուջեի թալանը, մեղմ ասած, դա այն տեղը չի, որտեղից կարելի է թալանել»: Մեր արձագանքին` առաջին անգա՞մ եք լսում, պարոն Մինասյան, ապացույցնե՞ր պիտի ներկայացնե՞նք թալանի` նա  պատասխանեց, որ առաջին անգամ է լսում եւ որ նման բան, որ իրենք բյուջեն թալանել են` չի լսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930