Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քահանան կարգալույծ է արվել, բայց որոշումը չեն տրամադրում

Հունիս 04,2012 16:33

Վերջերս Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդագրություն տարածեց, թե մամուլում հանդիպում են կրոնական բնույթի հոդվածներ` հեղինակված աստվածաբանության մագիստրոս տեր Մանուկ քահանա Մնացականյանի կողմից, ով, ըստ տեր Վահրամի, ոչ այլ ոք է, քան  Գենադի Մնացականյանը:

«Այսօր Հայ եկեղեցու անդաստանում չկա որևէ տեր Մանուկ քահանա Մնացականյան: Այդպիսի եկեղեցական ժամանակին եղել է, սակայն կարգալույծ է հռչակվել անհնազանդ ընթացքի եւ նկարագրի անվստահելիության պատճառով 1994 թ. հոկտեմբերի 6-ին Կաթողիկոսական տեղապահ տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից` համախորհուրդ Գերագույն հոգեւոր խորհրդի հետ: Մեր թելադրությունը պիտի լինի Գենադի Մնացականյանին, որ հավատարիմ մնա մեր եկեղեցական-կանոնական սկզբունքներին եւ իր գրությունները ստորագրի իր ավազանի անունով»,-ասվում էր Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Քանի որ տեր Մանուկը կամ, ինչպես Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեննն է անվանում նրան՝ Գենադի Մնացականյանը հոդվածներ էր տպագրել նաեւ «Առավոտում», որոշեցինք պարզել այդ  «մութ» պատմությունը: Մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Գենադի Մնացականյանից, որը Aravot.am-ին տրամադրեց իր ողջ նամակագրությունը՝ հոգեւոր «վերնախավի» հետ:

Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերի 3-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոսին գրված նամակում նա նշում է, որ 1994-ի հոկտեմբերի 6-ին բանավոր կերպով են տեղեկացրել իր՝ կարգալուծ լինելու մասին որոշման վերաբերյալ ու խնդրում տրամադրել որոշման պատճենը: Ի պատասխան Վեհափառին ուղղված նամակի՝ Գենադի Մնացականյանը գրություն է ստանում, թե կարգալուծ է հռչակվել Կաթողիկոսական տեղապահ տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հոկտեմբեր 6, 1994 թվակիր տնօրինությամբ: Մնացականյանը մեկ այլ նամակով կրկին խնդրում է իրեն տրամադրել որոշման պատճենը: Մի նամակ էլ ուղղում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին՝ տեղեկանալու համար իսկապե՞ս հեռացվել է Սյունյաց եւ Հարավային Ռուսաստանի թեմերից, այն դեպքում, երբ 1994 թվականին Հարավային Ռուսաստանի թեմ գոյություն չուներ, թեեւ այդ տարածքում փաստացի առաջնորդն էր տեր Եզնիկ արքեպիսկոպոսը: Արքեպիսկոպոսն էլ 2011-ի փետրվարի 14-ին տեր Մանուկին ուղղված նամակով պատասխանել է. «Դուք Հյուսիսային Կովկասի առաջնորդական փոխանորդությունից չեք հեռացվել եւ Հայաստան եք վերադարձել իմ գիտությամբ՝ Ձեր անձնական հարցերի կարգավորման համար»:

Ն.Ս.Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոսին գրած նամակներից մեկում (երես առ երես հանդիպել չի ստացվել) Գենադի Մնացականյանը ասում է. «Անձնական հետաքննություն ու կանոնական վերլուծություն կատարելով՝ հասկացել եւ համոզվել եմ, որ ես կարգալույծ չեմ եւ շարունակում եմ մնալ իմ եկեղեցական կարգի մեջ: Վեհափառ տեր, ծանոթ լինելով Ձեր մարդկային սրտացավ եւ արդարասեր էությանը, Ձերդ սրբության բարյացակամության ակնկալիքով խնդրում եմ ինձ ժամանակ տրամադրել եւ հնարավորություն ընձեռել, որպեսզի սույն խնդրի առնչությամբ հանդիպեմ եւ անձնապես Ձերդ Սրբությանը տեղեկացնեմ որոշ փաստեր: Խոստանում եմ, որ դա իզուր ժամանակի վատնում չի լինի: Ես քահանա եմ, իմ քահանայությունից երբեք չեմ հրաժարվել եւ հայցելով Ձերդ Սրբության ներողամտությունը, մեծահոգությունն ու հայրապետական տնօրինությունը՝ նպատակ ունեմ շարունակել իմ քահանայագործությունը եւ ուխտը պահել ծառայությամբ»:

Ի պատասխան՝ Մայր Աթոռի դիվանատնից ստացված նամակում ասվել է, թե տեր Մանուկի գրություններին այլեւս չեն պատասխանելու, միաժամանակ չի էլ տրամադրվել այն վճիռը կամ պատճենը, որտեղ նշված լինի, թե ինչ զանցանքի համար է ինքը կարգալույծ հռչակվել՝ դասվելով աշխարհականների շարքին:

Գենադի Մնացականյանը, ի վերջո, Ամենայն հայոց կաթողիկոսին այս տարի փետրվարի 14-ին գրած նամակում խնդրել է  գործից տեղյակ մարդկանցից մի հանձնախումբ կազմել՝ հարցը քննելու ու արդարացի լուծում տալու համար: Իսկ մինչ այդ,  իր օրինական ընտանիքի գոյությունը ապահովելու համար, քանի որ ոչ մի տեղ չի աշխատում, ապրում է վարձով եւ նյութական կարիքների մեջ է, որոշել է Երեւան քաղաքի գերեզմանատներից մեկում ժամանակավորապես որպես ազատ քահանա  հերթապահության կարգով ծիսակատարությամբ ծառայել ժողովրդին եւ հրապարակախոսական հոդվածներով հանդես  գալ ոչ թե որպես Գենադի Մնացականյան, այլ հենց իր քահանայական՝ տեր Մանուկ անունով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930