Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, վերլուծելով Հունաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպումը, համաձայնեց, որ մեր ֆուտբոլիստներն անցկացրին միանգամայն տարբեր խաղակեսեր: Առաջինում չէր հաջողվում գնդակը վերահսկել, չէր բավականացնում խաղային փորձը, ստանդարտ դիրքերն էլ օգտագործել չէր ստացվում: Մարզչի խոսքերով, ընդմիջումից հետո հավաքականը վերադարձավ խաղային իր սովորական սխեմային` երկու հենակետային կիսապաշտպանով, եւ խլեց նախաձեռնությունը, թեեւ ստեղծված գոլային մի քանի պահերն օգտագործել չկարողացավ:
Խոսելով վաղը կայանալիք Ղազախստանի հավաքականի հետ ընկերական խաղի մասին, Վարդան Մինասյանը նշեց, որ նոր մոդելը` մեկ հենակետային կիսապաշտպանով, կրկին կփորձարկվի, որպեսզի պաշտպանության եւ հարձակման գծերի մեջ հավասարակշռություն հաստատելու միջոցը գտնվի: Իսկ ինչ վերաբերում է հույների հետ նոր մոդելը չստացվելուն, Մինասյանը դա բացատրեց նրանով, որ այն փորձարկվել էր ընդամենը մի քանի մարզումներում: Մարզիչն ասաց նաեւ, որ դրա համար ավելի երկարատեւ հավաքներ հրավիրելն իրատեսական չէ, որովհետեւ հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս արտասահմանյան ակումբներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ