Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

SIPRI. «Բաքուն եւ Երեւանը շարունակում են զինվել»

Հունիս 04,2012 15:41

Հայ զինծառայողները հայ - ադրբեջանական սահմանագոտում, արխիվային լուսանկար

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված` զենք ու զինամթերք ձեռք բերելու գործարքները, պատվերներն ու նոր զինատեսակների ներկրման ծրագրերը մեծացնում են երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հավանականությունը», – նշում են Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի մասնագետներն իրենց տարեկան զեկույցում:

Ռազմական խնդիրները` մասնավորաբար զենքի ու զինամթերքի համաշխարհային շուկայում արձանագրվող զարգացումները դիտարկող ու վերլուծող այս կենտրոնի մասնագետներն այսօր հրապարակված զեկույցում նշում են. – «Ադրբեջանն ու Հայաստանը պարբերաբար սպառազինությունների մրցավազք սկսելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում»:

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի` վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը, SIPRI-ի մասնագետները նշում են. – «Ադրբեջանը ռազմական ուժի կիրառման մարտաշունչ հռետորաբանության ֆոնին զգալիորեն ավելացրել է ներկրվող զենքի ծավալները»:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ձեռք բերված զենքերին, ապա ստոկհոլմցի վերուծաբանները նշում են, որ հանրությանն այս մասին տրամադրվող տեղեկատվությունը «սահմանափակ բնույթ է կրում»:

Չնայած այդ հանգամանքին` SIPRI-ի մասնագետները նկատում են, որ 2010 եւ 2011 թվականներին Հայաստանը հայտարարել է ավելի ժամանակակից զինատեսակներ գնելու մտադրության մասին` «Ադրբեջանի սպառազինության գնումների աճող ծավալներին ի պատասխան»:

Արձանագրելով, որ տարիներ առաջ ԵԱՀԿ-ի կողմից սահմանված զենքի մատակարարումների էմբարգոն ուժի մեջ է, SIPRI-ի զեկույցը շարունակում է. – «Կազմակերպության անդամ պետությունները, սակայն, տարբեր կերպ են մեկնաբանում այս էմբարգոն` շարունակելով սպառազինություններ մատակարարել թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին: Ռուսաստանը երկու պետությունների պարագայում էլ զենքի թիվ մեկ մատակարարն է»:

«Հայաստանը զենքի մատակարարների ավելի սահմանափակ շրջանակ ունի եւ լրջորեն կախված է Ռուսաստանից», – պնդում են զեկույցի հեղինակները` նշելով, որ Ադրբեջանն այս առումով ընտրության անհամեմատ  ավելի լայն հնարավորություններ ունի:

«Ադրբեջանը վերջին շրջանում զենքի արտադրության լիցենզիաներ է ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից եւ Հարավային Աֆրիկայից: Դա Բաքվին հնարավորություն կտա արտերկրյա տեխնոլոգիաներն օգտագործել հայրենական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով», – նշում են Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի մասնագետները:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930