Թուրքական դպրոցական դասագրքերում հայտնվել է քարտեզ, որի վրա որպես Թուրքիայի տարածք ներկայացված են ամբողջ Հայաստանը, Վրաստանի մի մասը, այդ թվում` Աջարիան, Իրաքի, Բուլղարիայի, Կիպրոսի որոշ շրջաններ։
Այդ մասին տեղեկացրել է թուրքական Milliyet թերթը` մանրամասնելով, որ համապատասխան քարտեզը տեղ է գտել Ստամբուլի դպրոցների աշակերտներին բաժանված մուլտիմեդիա ձեռնարկներում։
Տեսասկավառակը պատրաստվել է Թուրքիայի կրթության նախարարության սկսած ազգային կրթական ծրագրի շրջանակներում։
Երկրի կրթության նախարարությունում եւ Ստամբուլի քաղաքապետարանի կրթության դեպարտամենտում, այդուհանդերձ, հայտարարել են, թե «ցնցված են տեղի ունեցածից», ներողություն են խնդրել այդ քարտեզի համար եւ վստահեցրել, թե չգիտեն` որտեղից է այն հայտնվել։ Պաշտոնյաները ամբողջ պատասխանատվությունը գցել են Ստամբուլի կրթական դեպարտամենտի նախկին ղեկավար Աթու Օզերի վրա։
Կարդացեք նաև
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն այսօր հայտարարել է, որ արտգործնախարարությունը ուսումնասիրում է քարտեզի մասին տեղեկատվությունը։
«Բնականաբար, մենք ուսումնասիրում ենք տվյալ հարցը, եւ կարծում եմ, այդտեղ աժիոտաժի ջերմաստիճանը քիչ է համապատասխանում իրականությանը։ Ձեռնպահ կմնամ դետալներից, քանի դեռ չունենք կոնկրետ տեղեկատվություն», – ասել է Վաշակիձեն։
«Ազատություն» ռադիոկայան