Նոր ձեւավորվող կառավարությունը պետք է կարողանա հնարավորինս օգտագործել սփյուռքի ներուժը եւ մեր հայրենակիցների գումարները ներդնի արդյունաբերության զարգացման համար: Այսօր «Սլաք» ակումբում նոր ստեղծվող կառավարությանը խորհուրդ տվեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, Համաշխարհային բանկի, արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ միջազգային կազմակերպությունների հատկացվող վարկերը չեն ներդրվում արդյունաբերության մեջ եւ օգտագործվում են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումների համար, սակայն առանց զարգացած արդյունաբերության, Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ ավելի շատ ենք կախվածության մեջ լինելու այդ կազմակերպություններից, հատկապես, որ ներկայիս դրությամբ, Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 3 միլիարդ 633 միլիոն դոլար, ինչն էլ ավելի է ծանրացնում մեր տնտեսության վիճակը. «Իսկ դա կնշանակի՝ վաղը, մյուս օրը մեզ ավելի կոշտ արտաքին քաղաքականություն կթելադրեն այդպիսի ինստիտոցիոնալ ինստիտուտները»:
Պարոն Սաֆարյանի խոսքերով`«Սփյուռքահայերին ասում ենք արի տուն. գան տուն ի՞նչ անեն: Պետք է ընդօրինակենք Չինաստանի փորձը, օրինակ` Չինաստանի տնտեսության մեջ մեծ քանակությամբ ներդրումներ անում է չինական սփյուռքը»:
Միության նախագահը գտնում է, որ կառավարությունը մարտավարության շեշտը պետք է դնի արտահանման եւ արդյունահանման վրա: Ըստ նրա, ՀՀ նախագահի նշած երեք ուղղությունները` դեղագործությունը, կոնյակագործությունն ու ճշգրիտ ճարտարագիտությունը քիչ են եւ բավարար չեն տնտեսությունը զարգացնելու համար.
«Պետք է զարգացնել, գունավոր մետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը,
Կարդացեք նաև
հանքարդյունահանումը: Երկու տարի է «Նաիրիտն» անգործության է մատնված, կառավարությունը չի կարողանում գտնել պատշաճ օպերատոր: Այսօր «Իտերային» հանձնելու բանակցությունն է տարվում, ինչի մասին դեռեւս 11 տարի առաջ էր խոսք գնում»: Վազգեն Սաֆարյանը մի նոր նախարարություն էլ է առաջարկում «բացել»:
Ըստ նրա, նոր կառավարությունը պետք է ունենա ունենա արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն, որն իր կառուցվածքով մի փոքր այլ կլինի` միջոցներ, վարկեր կհայթայթի արդյունաբերության մեջ ներդնելու համար:
Aravot.am-ի հարցին, թե ինչով կբացատրի ընտրություններից հետո դոլարից, պարարտանյութից սկսած մինչեւ պարենային ապրանքների թանկացումը, պարոն Սաֆարյանի պատասխանը՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ