Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ քաղաքացին դատապարտվել է երկարատեւ ազատազրկման

Հունիս 04,2012 14:00

ԱՄՆ քաղաքացի, նկարիչ Հրայր Ագանիկյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Այս գործով, ինչպես նախաքննությանը, այնպես էլ ընդհանուր իրավասության դատարանում ընթացած դատաքննությանն անդրադարձել ենք: Նշենք միայն, որ նախաքննությունը տեւեց 1 տարի 4 ամիս, իսկ դատաքննությունը՝ 5,5 տարի:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացած դատական նիստերին էլ հետեւում էին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները:

Հ.Ագանիկյանը դատավճիռը բողոքարկել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, այն մնացել է անփոփոխ, իսկ վճռաբեկ դատարանն էլ բողոքը վերադարձրել է: Դատապարտյալը, որը մեղադրվել է վաշխառության եւ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակությամբ խարդախության համար, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան;

«1997թ. նախ ես, հետո եղբայրներս իրենց ընտանիքներով, թոռներով ԱՄՆ-ից վերադարձանք հայրենիք:Մենք էն տեսակն ենք, որ գաղթականի բարդույթից չի ազատվում եւ ամեն գնով ձգտում է իր ակունքներին, հող ու ջրին: Լինելով նկարիչ, ողջամիտ համարեցի որեւէ բնագավառում մասնագիտացված ու բարեխիղճ գործարարի հետ համագործակցելու, ինչպես ասում են՝ «հացը տուր հացթուխը թխի, մի հատ էլ՝ ավել տուր» սկզբունքով:

Սակայն 7 տարի տեւած իմ փորձանքա-որոնողական աշխատանքներից, շփումներից հուսախաբ, որոշեցի ինքնուրույն հող վարձակալել եւ մրգատու այգի բացել:

Արդյունքը եղավ այն, որ դատախազը պահանջեց 13 տարվա ազատազրկում, իսկ դատապարտվեցի 9 տարով, գույքի կեսի /համազոր ամբողջի/ բռնագրավմամբ, իսկ Կոտայքի մարզում վարձակալած 12 հեկտար հողս էլ մնաց խոպան»,- ասում է ամերիկահայ մտավորականը:

Նա ներկայացնում է հայ գործարարների գործունեությունը: Ըստ Հ.Ագանիկյանի, իրեն հանդիպած «հաջողակ» գործարարներն իրականում ունեին մեծ պարտքեր, տոկոսների տակ էին, եւ որ սփյուռքից եկած «միամիտ հայրենասերներ» էին ճարում, որպեսզի նրանց «քցեին»:

Հ.Ագանիկյանը տեղեկացնում է, որ 2000թ.առուծախի պայմանագրով անշարժ գույք է ձեռք բերել Ղարիբյան ազգանունով մի քաղաքացուց՝ նրա եղբոր 9000 դոլար պարտքի դիմաց: Ագանիկյանը դատական նիստի ժամանակ, դատարանին էր ներկայացրել 2001թ. կողմերի միջեւ քաղգործով կայացրած վճիռը, համաձայն որի, կալանավորվածից «տուժողները» ընդունել էին, որ իրենք պարտք են եղել նրան 9000 դոլար գումար:

Հ.Ագանիկյանը Հայաստանում ադամանդի մշակման նպատակով սահմանափակ պատասխանատվության ընկերություն հիմնեց, այդ նպատակով ձեռք էր բերել հաստոցներ, ստացել լիցենզիաներ: Այդ նախաձեռնությունն էլ մնաց անկատար, նրան խաբեցին, սակայն հայտնվեցին տուժողներ եւ պահանջ ներկայացրեցին Ագանիկյանի դեմ:

«Ես անհարմար եմ զգացել իմ անձնական, բիզնեսային ոդիսականը հրապարակայնացնելուց:Չկա քաղաքական ինտրիգ: Ո՞ւմ է հետաքրքիր»- ասում է Հ.Ագանիկյանը:

Հ.Ագանիկյանը տեղեկացնում է, որ 1990թ-ից Լոս-Անջելեսում հավաքված գումարներով զորակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, եղել է «Զորավիգ Էրգրին» միության ատենապետը, որին անդամակցել են տեղական 4 պարբերականներ. «Ես իմ պատքն եմ համարում զգուշացնելու իմ այն հայրենակիցներին, որոնք պատրաստվում են գալ Հայաստան, իրենց «մոմը» վառելու:Ձեզ ինչ օգուտ, որ մեր նմանները գան ու ներքաշվեն խտրականության այս բոզզաշում: Թող որ մարդիկ իմանան, որ քայլում են կրիմինալի ու նախախնամության ականապատված դաշտում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930