Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս. Գիտության ֆինանսավորումը չի ավելանա՝ հարուստներին ստվերից դուրս բերելով (Տեսանյութ)

Հունիս 04,2012 13:26

«Հայաստանում կա մոտ 4500 գիտնական, որոնցից 20 տոկոսն են միայն երիտասարդները: Փոխարենը, գրեթե չունենք գիտնականների միջին սերունդ, իսկ տարեցների մի մասը դժվարությամբ ընդունեց կամ  չընդունեց նորագույն տեխնոլոգիաները»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Խոսելով գիտության «մասով» կուսակցությունների նախընտրական խոստումներից, նա նշեց, որ անցյալ տարի Ծաղկաձորում կայացած հանդիպումն, ըստ երեւույթին, արդյունք չտվեց. «Մինչդեռ բոլոր կուսակցությունները կրկնում էին, որ գիտության ֆինանսավորումը կհասցնեն 1.5 տոկոսի: Եթե այժմ ԱԺ-ն ՀՀԿ-ի ձեռքին է, ուրեմն ինչ-որ շարժ պետք է լինի: Բյուջեն չի ճեղքվի, եթե ֆինանսավորումն ավելանա երկու անգամ»:

Արեգ Միքայելյանի կարծիքով, նորանկախ Հայաստանն աչքաթող է արել գիտությունը. «Գիտնականներն 90-ականներին պասիվ էին, քանի որ օրվա հացի խնդիր էին լուծում, բայց հիմա երկիրը ոտքի է կանգնել: Եթե զարգացում ենք ուզում, ապա առաջնահերթ գիտությանը պետք է ուշադրություն դարձնել. Չէ՞ որ հայերը մտքի ժողովուրդ են»:

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն առանձնացրեց հրատապ լուծում պահանջող 3 խնդիր. առաջնահերթ, աշխատանքային համապատասխան պայմանների ստեղծում՝ ժամանակակից գիտական սարքավորումների ներդրում, գիտնականների աշխատավարձերի բարձրացում, իսկ 3-րդ խնդիրը վերոհիշյալների հետեւանքն է. «Բնական գիտությունների ոլորտում հոյակապ երիտասարդներ  ունենք, ովքեր մեկնում են Եվրոպա ու ԱՄՆ, հեշտությամբ աշխատանք գտնում եւ բարձր վարձատրվում: Բացի այդ, մեր գիտական սարքավորումները 15-20 տարվա պատմություն ունեն, մինչդեռ նորմալ երկրներում դրանք 8  տարին մեկ պարտադիր թարմացվում են: Իսկ ակադեմիական համակարգում աշխատողները ստանում են ընդամենը 65.000 դրամ:» Ակադեմիկոսը հավելեց, որ զարգացած երկրներում գիտությանը տրամադրվում է համախառն ներքին արդյունքի 1-3 տոկոսը, մինչդեռ մեզանում թիվը կազմում է 0.24 տոկոս: «Բոլոր կուսակցությունները շեշտում են գիտության ֆինանսավորման բարձրացումը՝ առանց նշելու միջոցներն ու աղբյուրները: Չեմ կարծում, որ դա անելու են հարուստներին ստվերից դուրս բերելով: Ոչ մի քաղաքական ուժի հետ հույսեր չեմ կապում»,-եզրափակեց ակադեմիկոսը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930