Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի լիազորված անձ Արամ Մելիքսեթյանը 2011թ. դեկտեմբերի 22-ին Իջեւան համայնքի անունից պայմանագիր է կնքել Վարուժան Ներսիսյանի որդի՝ 1989թ. ծնված Նաիրի Ներսիսյանի հետ, որով քաղաքի Անկախության փողոցի 14/1 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր տարածքը, առեւտրի եւ սպասարկման օբյեկտի կառուցապատման նպատակով, 99 տարով հանձնվել է Նաիրի Ներսիսյանին: Պայմանագրով կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է 45 հազար դրամ: Այդ պայմանագիրը հաստատել է Իջեւանի նոտար Սանամ Հովսեփյանը: Քաղաքային զբոսայգու այդ տարածքը կառուցապատելու, այդտեղ սրճարան կառուցելու մասին որոշում Իջեւանի ավագանին կայացրել է 2007թ.,իսկ տարածքի համար համայնքային սեփակականության իրավունքի գրանցման վկայականն անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումը տրամադրել է 4 տարի անց՝ 2011թ. դեկտեմբերի 20-ին, գործարքն էլ տեղի է ունեցել դրանից 2 օր անց: 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ընտրություններով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվել էր: Որպես քաղաքապետ Վ. Ներսիսյանի լիազորությունների ժամկետը լրացել էր 2011թ. դեկտեմբերի 21-ին: ՀՀ վարչական դատարանում է գտնվում Նաիրի Ներսիսյանի հայցն ընդդեմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, որով հայցվորը պահանջել է գրանցել այդ տարածքի հասարակական կառուցապատման իր իրավունքը: Իջեւանի քաղաքապետարանի դիմումի հիման վրա ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը Իջեւանի քաղաքապետարանին որպես այդ գործով երրորդ անձ է ներգրավել: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացա, որ նշված գործով առաջին դատական նիստը կկայանա հուլիսի 4-ին, Երեւանում:
Ոսկան Սարգսյան