Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

Հունիս 04,2012 12:32

 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 262.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 269 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.5%-ով և 57.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 6.5 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 53.9%-ը, իսկ ծախսերը` 3.9 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 27.7%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 256.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 265.1 մլրդ դրամ` ապահովելով առաջին կիսամյակի համապատասխանաբար 63.8% և 58.9% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 28.3%-ով, ծախսերի գծով` 27.6%-ով:

 ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2%-ով կամ 8.2 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.74%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.92%-ը` այլ եկամուտների, 0.34%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 249.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 63.5%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 3.1% ով կամ 7.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

 

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.6% ով կամ 11.8 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 256.2 մլրդ դրամ` 59.5%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.4%-ով կամ 19.9 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 22.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 60.9%-ը և 0.7%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 56.7 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 58.6%-ը և 28.8% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 11.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 51.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 8.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.1 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 7.1%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված և´ արտաքին, և´ ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

 

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.1 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է 4.1 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 2.0 մլրդ դրամ: Պակասուրդի ցածր ցուցանիշը մեծ մասամբ պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, ինչի արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 58.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 2.1 մլրդ դրամով:

2012 թվականի առաջին չորս ամիսների պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի` www.minfin.am , <<նորություններ>> բաժնում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930