«Առավոտը» հաղորդել էր, որ Իջեւանի թիվ 5 դպրոցը կրելու է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի պապի՝ Միքայել Մարտիրոսյանի անունը: Այլ մանրամասներ Միքայել Մարտիրոսյանի մասին առիթ ունեցել ենք ժամանակին ներկայացնելու, եւ այժմ ուղղակի մեջբերում ենք տվյալներ այդ հրապարակումից:
Եվ այսպես՝ Միքայել Արկադիի Մարտիրոսյանը Հայաստանի վաստակավոր ուսուցիչ էր, որը ծնվել է ավելի քան 100 տարի առաջ: 1927 թվականին նա հեռացել է հայրենի Աչաջուր գյուղից եւ մեկնել սովորելու Բաքու: Գերազանցությամբ ավարտելով բուհը՝ մի քանի տարի դասավանդել է Ղարաբաղում, որից հետո մեկնել է Մոսկվա եւ ընդունվել Լիբկնեխտի անվան պետական մանկավարժական ինստիտուտ: Իսկ յոթ տարի անց արդեն սկսել է մաթեմատիկա դասավանդել Տաշիրի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում:
1941-ին նա ուսուցչական համազգեստը փոխարինել է զինվորական շինելով, եւ վաստակել «Խիզախության համար» եւ «Կովկասի պաշտպանության համար» շքանշանները:
Դե, իսկ հնարավոր չէ հաշվել, թե քանի երեխա նրա շնորհիվ գտավ իր տեղը կյանքում: Նա երկար տարիներ է դասավանդել դպրոցում՝ սկզբում ուսմասվար էր Ուզունտալի (այժմ՝ Այգեհովիտ) դպրոցի միջնակարգ դպրոցում, հետո գլխավորեց Իջեւանի ռուսական դպրոցը: 1960-ին Միքայել Մարտիրոսյանին շնորհվեց Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչում, եւ այդ պարգեւն իրոք վաստակած էր: Ասում են, նրա մաթեմատիկայի դասերը նման էին թատերականացված ներկայացումների: Նա առարկան արտասանում էր իբրեւ պոեմ՝ զգացմունքով, շեշտադրումներով, այնպես, որ հասնի ոչ միայն ուղեղին, այլ նաեւ սրտին: Դե, իսկ դասերի ընդմիջումներին նա սովորեցնում էր ընդունել որոշումներ եւ չշեղվել ուղուց: Հենց այդպես էլ նա դաստիարակեց իր որդիներին ու թոռներին:
Կարդացեք նաև
«Պապիկը կարողանում էր պատասխանել մեր բոլոր հարցերին, նույնիսկ ամենաբարդերին: Մենք խոսում էինք տիեզերքից, երկրի վրա կյանքից, բարու եւ չարի մասին… Եվ այժմ, դառնալով հասուն մարդ, ես այդպես էլ չգտա ավելի տրամաբանված ու հիմնավոր պատասխաններ իմ այդ հարցերին»,- ասում է նրա թոռը՝ Գարիկ Մարտիրոսյանը:- Որպեսզի ինձ ու եղբորս սովորեցնի մտածել ու արտացոլել իրականությանը՝ պապիկը հանձնարարում էր մեզ մեր բառերով նկարագրել բնության երեւույթները: Հետո ուշադիր ընթերցում էր գրածը, պարզում մանրամասները, ուրախանում ամեն ճշգրիտ բառի համար եւ գովում մեզ այնպես, որ թեւեր էին աճում»:
Լուսանկարում՝ Միքայել Մարտիրոսյանը թոռնիկների՝ Գարիկի (աջից) եւ Լեւոնի (ձախից) հետ