Դեռ 2011 թվականի հուլիսի 3-ին «Ռեգնումը» հրապարակեցեւ մի շարք ռուսական լրատվամիջոցներ (novoteka.ru, wikidigger.ru, ckrasnodar.ru եւ այլն) արտատպեցին «Ով կփոխարինի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արեւմուտքը իշխանության է նախապատրաստում «հայկական Սահակաշվիլիի՞ն» վերլուծությունը, որում բավական ուշագրավ պնդումներ կան, թե Հայ Ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքը ցույց տվեց, որ «առաջատար, եթե ոչ միակ ընդդիմության դերին հավակնող ուժը հետեւողականորեն ընթանում է դեպի լուսանցքայնացում եւ ընտրազանգվածային ազդեցության զգալի կորուստ», նաեւ, որ ՀԱԿ հանրահավաքները հավաքում են 10 անգամ պակաս մասնակիցներ, քան դեռ մեկ տարի առաջ եւ այլն:
Սակայն վերլուծության առանցքը հետեւյալն է. «Ինքը Տեր-Պետրոսյանը, թվում է, հրաշալի հասկանում է, որ չի կարող հավակնել 2013 թվականի նախագահական ընտրությունների անվիճելի առաջնորդ-հաղթողին՝ մի շարք պատճառներով: Առաջին հերթին այն պատճառով, որ բնավ ոչ բոլոր քաղաքացիները, որոնք ցանկանում են իշխանափոխություն, կցանկանային դարձյալ երկրի ղեկավար տեսնել առաջին նախագահին, որի անվան հետ, բացի մի շարք հաջողություններին, մարդիկ հակված են պայմանավորել եւ անկախության առաջին տարիների ոչ քիչ թերությունները, բացթողումները եւ ծանր փորձությունները: Պետք չէ անտեսել նաեւ տարիքային գործոնը»: Եվ «Ռեգնումի» քաղաքական մեկնաբանը նշում է, որ այս առնչությամբ վերլուծաբանների ուշադրությունն ավելի հաճախ սկսում է գրավել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, որին բնորոշում է իբրեւ հավասարակշիռ ու ողջախոհ, լավ կազմակերպիչ եւ այլն: Նրա մի շարք առավելություններ թվարկելուց հետո՝ մեկնաբանը նշում է. «Լեւոն Զուրաբյանի գլխավոր եւ շատ էական թերությունն այն է, որ նա քաղաքական դեմք չէ: Սակայն կարող է դառնալ»: Եվ կանխատեսում է. «Ինչ կազմով էլ, մանդատների ինչ թվաքանակով էլ ներկայացված լինի ՀԱԿ-ը հաջորդ խորհրդարանում՝ Լեւոն Զուրաբյանը հաստատապես տեղ կգտնի խմբակցության շարքերում, ավելին՝ շատ հավանական է, որ կընտրվի խմբակցության ղեկավար, այսինքն կմտնի երկրի քաղաքական գործիչների շարքերը: Ընդ որում, նա անմիջապես դուրս կգա հայտնի քաղաքական գործիչների «ստվերից», որտեղ մինչ այժմ էր, եւ կներկայանա ամենաշահավետ ձեւով: Ընտրազանգվածն ակնհայտորեն տենչում է նոր դեմքեր եւ նոր անուններ (սա վերաբերվում է ոչ միայն ընդդիմադիր ճամբարին), գործիչները, որոնք շրջանառության մեջ են արդեն շուրջ քսան տարի, բոլորին կարգին հոգնեցրել են: Այս հասարակական պահանջարկին Զուրաբյանը, թերեւս միակը ՀԱԿ-ի առաջատար դեմքերից՝ լիովին համապատասխանում է: Ոչ պակաս կարեւոր է, որ նրա անունը ոչ մի կերպ չի կապվում որեւէ չարաշահումների եւ սկանդալների հետ: Խորհրդարանում աշխատանքը կավելացնի նրա ճանաչելիության աստիճանը, դրականորեն կանդրադառնա ժողովրդականության վրա: Էական է, որ բոլոր այս գործոնները (ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի հովանավորությունը) Զուրաբյանին կվերածեն կոնսենսուսային թեկնածուի, որի առաջադրումը կկանխի հասկանալի մրցակցությունը մյուս հնարավոր թեկնածուների միջեւ»:
Եվ հաշվի առնելով Զուրաբյանի կապերը «Միջազգային ճգնաժամային խմբի» հետ՝ ենթադրություն է հայտնվում, որ խնդիր կա Հայաստանում իշխանության բերել երիտասարդ արեւմտամետ տեխնոկրատի՝ Սահակաշվիլիի հայկական անալոգին: