Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ժառանգությունը» դեռ ունի ցանկություն` ինչ-որ նոր ձեւով ընթանալու»

Հունիս 04,2012 11:22

«Ժառանգություն» խմբակցության չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը շաբաթ օրը կայացած կուսակցության համագումարին չի մասնակցել, ինչպես ինքն ասաց Aravot.am-ի հետ զրույցում՝ միայն զբաղվածության պատճառով, քննություններ էին: Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում, երբ կազմվում էր «Ժառանգության» համամասնական ցուցակը, որտեղ առաջին համարներում ընդգրկված էին նաեւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ, այլ անհատ գործիչներ`ինչ-ինչ անհամաձայնություններ առաջացան: Տիկին Ալավերդյանն էլ հայտվեց ցուցակի 41-րդ տեղում: Ինչպես այն ժամանակ ինքը պարզաբանեց, պատճառն այն էր, որ ինքն անհամաձայնություն ուներ եւ կուսակցության հետագա գործունեության նախապատվությունների, եւ  ցուցակի ձեւավորման սկզբունքների հետ, բայցեւ ցանկանում է շարունակել այն գործը, որը նախաձեռնել եւ կատարել է «Ժառանգությունը»:

Լարիսա Ալավերդյանը, սակայն, ուշադիր ուսումնասիրել է «Ժառանգության» համագումարում հնչած ելույթները: Իսկ թե ի՞նչ եզրահանգումներ է արել` Aravot.am-ի հարցին`ասաց.  «Ես դեռ չեմ հանդիպել, եթե այսօր կարողանամ հանդիպել նախկինում պատգամավոր իմ գործընկերների հետ` ավելի մանրամասն կարծիք կձեւավորեմ: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ «Ժառանգությունը» դեռ ունի ցանկություն վերականգնելու, ինչ-որ նոր ձեւով ընթանալու: Ես դա ողջունում եմ: Չգիտեմ` դա ինչքանով կստացվի, բայց այն, որ իմ կոլեգաներն ընտրվել են վարչության անդամ, հուսամ, որ կլինի այն «Ժառանգությունը», որը որ ես գիտեմ: «Ժառանգությունը» ես գիտեմ 2007-ի կուսակցությունը»:

Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը «Ժառանգության» անդամ չի եղել, հետեւաբար, նաեւ զուտ կանոնադրական իմաստով երբեք էլ կուսակցության վարչությունում ընդգրկված չի եղել: Նա մասնակցել է միայն վարչության ընդլայնված նիստերին: Թե այսուհետ ի՞նչ կերպ կշարունակի իր համագործակցությունը «Ժառանգության» հետ ասաց. «Որտեղ, որ ես պահանջված լինեմ: Ուղղակի ժամանակս պետք է թույլ տա: Հիմա, այս կրթական օջախում զբաղվածությունս շատ է, բայց ես որեւէ խնդիր չեմ դնելու, եթե կարողանամ` մասնակցելու եմ»: Հիշեցնենք, որ, տիկին Ալավերդյանն այժմ ղեկավարում է Սլավոնական համալսարանի մարդու իրավունքների նորաբաց ամբիոնը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930