Երեխաների պաշպանության միջազգային օրը նշվեց նաեւ հունիսի 3-ին` «Ալադին» մանկական սրճարանում տեղի ունեցած «Վերադարձ մանկությանը» շոու-ծրագրի շրջանակում: Միջոցառումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական Թեմի, «Երիտասարդության կամք» հ/կ-ի, «Մանկապատում» հաղորդաշարի եւ այլ հովանավորների աջակցությամբ:
«Չեմ կարծում, որ մանուկներին պետք է միայն հունիսի 1-ը տրամադրել, այդ իսկ պատճառով այսօր նույնպես տոն է: Խորագիրը պատահական չէ ընտրված. նպատակ ենք ունեցել ներկաներին մի քանի ժամով մանկություն տարիները վերապրելու հնարավորություն տալ»,-Aravot.am-ին ասաց կազմակերպիչ եւ հանդիսավար Արման Կարապետյանը: Երիտասարդը հավելեց, որ միջոցառմանը հրավիրված են «Մարի Իզմիրյան» մանկատան, ինչպես նաեւ` Արցախյան պատերազմի ազատամարտիկների երեխաներ:
«Կարեւորում եմ հատկապես այն, որ նման հանդիպումների արդյունքում մեր երեխաները ձեռք են բերում նոր ընկերներ եւ ինտեգրվում շրջապատին»,-ասաց մանկատան դաստիրակչուհի Սուսաննա Ստեփանյանը:
Կարդացեք նաև
Ազատամարտիկ, 3 երեխայի հայր Սրապիոն Գեւորգյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ միջոցառումը երիտասարդներն են կազմակերպել:
Նվերներ հանձնելով մանկատան սաներին` «Երիտասարդության կամք» հ/կ նախագահ Աննա Գրիգորյանը նշեց, որ բոլոր մանուկները հավասար են եւ հանդիսանում են պետության լիիրավ քաղաքացիներ. «Ցանկանում եմ, որ նրանք այնքան լավ սովորեն, որ մեր երկրին արժանի քաղաքացիներ դառնան: Այս երեխաներից յուրաքանչյուրն իր դերն ունի պետության կայացման գործում»:
Միջոցառման հյուր, ռեժիսոր Արմեն Դալաքյանը մանուկներին մաղթեց հաճախ ժպտալ. «Յուրաքանչյուր ժպիտ մի նոր երջանկություն է մեզ համար: Կարեւորում եմ այս հանդիպումը, քանի որ հնարավորություն ենք ստանում կրկին մոտ գտնվել երեխաներին` կրկնապատկելով նրանց մանուկ սրտերի երջանկությունը»:
Թատրոնի եւ կինոյի արտիստ Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է երեխաների պաշտպանության օրը հիշարժան դարձնել. «Երեխաներն արժանացնում են մեզ գեղեցիկ` «ծնող» կոչմանը եւ մենք պարտավոր ենք պահպանել նրանց մանկական աշխարհը»:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան երիտասարդ կատարողներ, երեխաները մասնակցեցին պարերի եւ խաղերի, իսկ լավագույնները պարգեւատրվեցին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ