Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայցադիմումն ընդդեմ «Հետքի» թղթակցի մերժվեց

Հունիս 04,2012 10:49

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մերժել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի թղթակից Ադրինե Թորոսյանի:

Համայնքապետը թղթակցին մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ:

Դատարանի որոշմամբ` հօգուտ Ադրինե Թորոսյանի Վանո Եղիազարյանից պետք է բռնագանձվի 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նման որոշում կայացնելիս դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ Ադրինե Թորոսյանի գրած հոդվածի «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն» վերնագիրը զրպարտություն չէ, քանի որ նշված արտահայտության մեջ ներկայացված չեն հայցվորի անձի վերաբերյալ փաստացի տվյալներ, ներկայացվածն իր մեջ չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն վերացական է:

Բացի այդ` հոդվածում լրագրողի ներառած այն միտքը, որ «Իր հասցեին արված վիրավորանքի համար գյուղապետ Վ.Եղիազարյանը 1 միլիոն դրամ էր պահանջում իր գյուղի բնակչից, իսկ զրպարտության համար` 2 միլիոն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Դատավոր Վ.Հովնանյանը գյուղապետի ֆինանսական պահանջը բավարարեց մի փոքր մասով» դատարանը զրպարտություն չի դիտել, քանի որ հայցվորը նախկինում նման պահանջով երկու անգամ դիմել էր դատարան, իսկ այն միտքը, որ դատարանը հայցը բավարարել է մասնակի, չնայած չի համապատասխանում իրականությանը, սակայն նշված արտահայտությունը իրականում չի արատավորում և չի էլ կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Անդրադառնալով լրագրողի հոդվածից մեջբերված արտահայտություններից մեկին` «Մենք ուզում ենք իմանալ` ըդտեղ արածողը Սամվելն ա լինելու, գյուղապետը, թե ավագանին» դատարանը գտել է, որ նշված միտքը չի կարող համարվել ոչ զրպարտություն, և ոչ էլ վիրավորանք, քանի որ չի արատավորում և չի էլ կարող արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

«Լրագրողի չհամաձայնվելը հայցվորի հետ որևէ հարցի կապակցությամբ չի կարող դիտվել վրավորանք` ուղղված հենց հայցվորի դեմ, քանի որ լրագրողը, իհարկե, որոշակի թերություններով, ընդամենը լուսաբանել է դատարանում քննված գործը` այդ հարցի վերաբերյալ տեղեկացնելով հասարակությունը, իսկ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածի` «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930