Հունիսի 3-ին «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն նախաձեռնել էր հերթական միջոցառումը, որը լավագույն հնարավորությունն էր ոչ միայն բարություն անելու համար, այլև հիանալի առիթ միմյանց տեսնելու, հանդիպելու, ծանոթանալու և վիրտուալ շփումն իրականի վերածելու: Պողոսյան պուրակում մանուկներին հնարավորություն էր ընձեռվել անվճար զվարճանքների մասնակցել, ուրախանալ, լիցքաթափվել ու կրկին մանկանալ:
«Օգնենք հայ մանուկներին» ՀԿ- նախագահ Դիանա Բուլղադարյանը նշեց.
«Բարեգործական միջոցառումը կազմակերպել ենք 1,6 տարեկան Էրիկ Բաղդասարյանի վիրահատության համար, նպատակը` դրամահավաքն է, նրան հարկավոր է օգնություն: Մեր կազմակերպության նպատակն է օգնել և աջակցել հայ մանուկներին, մանկատան երեխաներին, անապահով մարդկանց, մեր հնարավորության սահմաններում: Նմանատիպ հավաքներին մարդիկ շատ դրական են վերաբերում և սիրով օգնում են, շատերը ցանկություն են հայտնում միանալ մեզ և կամավոր կերպով աջակցել »:
Միջոցառման ընթացքում կամավոր երիտասարդները կազմակերպեցին երեխաներին զբաղեցնելու և ուրախացնելու նպատակով «Նուռ »երգի-պարի ավանդական խմբի ելույթ, քաղցրավենիքի և խմորեղենի հյուրասիրություն, արձանիկների ներկում, նկարչություն, որից հետո բալիկների կողմից արված նկարներով զարդարվեց այգին: Կազմակերպիչներից Սարգսյան Խաչիկը Aravot.am-ին որպես երիտասարդ կամավոր հայտնեց. «Փոքրիկին մեր հնարավորությունների չափով ուզում ենք օգնել, ոչ միայն ֆինանսական, այլ նաև բարոյական կողմով: Այն ջերմությունը, որը տալիս ենք մենք երիտասարդներս շատ ցանկալի է կարիքավոր մարդկանց համար »:
«Օգնենք Հայ Մանուկներին » բարեգործական հասարակական կազմակերպությունը գործում է արդեն 10 ամիս և իրականացնում է բարեգործական աշխատանքներ` մասնավորապես հայ մանուկներին օգնելու գործում: Կազմակերպության գործունեության նպատակն է ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև աջակցել առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին:
Անժելա Շահումյան