Այսօր Aravot.am-ում տեղեկացրել ենք,որ Իջեւան քաղաքում դեռեւս չեն հանվել «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով ՀՀԿ սպիտակ դրոշները:
Մեր հրապարակումից հետո դրոշները հանվել են:
Իջեւանի բնակիչ Վահագն Թամրազյանն իր բլոգում այդ մասին գրել է.«Այսօր կեսօրին քաղաքային զբոսայգու մոտով անցնելիս ուշադրությունս գրավեցին երեք դպրոցահասակ տղաներ, որոնք զբոսայգու լճի մոտ խաղում էին: Նրանցից մեկը հպարտորեն ծածանում էր այն դրոշներից մեկը, որոնց մասին գրել էր «Առավոտ»-ը: Իմ հարցին երեխաները պատասխանեցին, որ իրենք են սյան վրայից հանել դրոշը: Այդպես է, թե՝ ոչ, բայց դեռ երեկ ծածանվող չորս դրոշները հանվել են:
Մնաց շենքերի պատերից քարոզչական աղբն էլ մաքրեն ու փողոցներով քայլելիս այլեւս ոչինչ մեզ չի հիշեցնի այդքան մեծ գնով ձեւավորված հինգերորդ գումարման Ազգային Ժողովի մասին:
Իսկ գալիք նախագահական ընտրություններին հույս ունեմ, որ կառաջադրվեն պատկառելի թեկնածուներ, և նրանց դեմքով ճանաչելու համար կարիք չի լինի շենքերի պատերն աղտոտել»:
Լավ է,որ մեր հրապարակումից հետո դրոշների խնդիրը լուծվել է, սակայն այս գործի համար 20 հազարանոց քաղաքում չափահասներ չճարվեցի՞ն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Վ.Թամրազյանի