Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական շաբաթն ու ֆուտբոլը. Համացանցը չի լռում

Հունիս 03,2012 16:07

Շաբաթը տոնական էր, և սկսվեց հենց տոն օրով: Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետութան օրը, ֆեյսբուքը ողողվեց շնորհավորանքներով, հայրենասիրական երգերով, տեսահոլովակներով…  «Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը: Օրը տոնական ա, բայց ուրախանալու առիթներ` կապված Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակի հետ, շատ քիչ են, բայց մենք չենք վհատվում, չենք հիասթափվում, չենք հուսալքվում, մեր գլուխները միշտ բարձր են, դուխները միշտ տեղն ա, որովհետև մեր անուն է ՀՀ Գիտակից Քաղաքացի ու մենք ենք, որ պիտի ամբողջությամբ ազատ և անկախ դարձնենք մեր Հայրենիքը», – իր ֆեյսբուքյան պատին գրել է Նավակ Ճոճողը (Վիլեն Գաբրիելյան): Մենուա Հարությունյանն էլ շնորհավորել է բոլոր հայերին՝ տոնի կապակցությամբ. «Նոր սերնդի քաղաքական գիտակցության մեջ միշտ պետք է վառ պահվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են: Կրկին սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր ազգային արժանապատվության այս տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս ազգային համաձայնություն եւ միասնություն` հանուն մեր հայրենիքի եւ պետականության»:

Ֆեյսբուքյան օգտատերերը չէին կարող լռել նաև հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գրառումներ, շնորհավորանքներ, մանկական տեսահոլովակներ, մանկանալու ցանկություն… «Շնորհավոր երեխաների տոնը, անհոգ մանկություն նրանց», «Երանի ես էլ փոքր լինեիիի, կոնֆետ տային՝ ուրախանայի, փլավը մատներով ուտեի, մամայիս կոշիկները հագնեի ու հայելու դիմաց թիթիզանայի… էէ՜խ»,  «Թե ոնց մեծացա, ես էլ չիմացա…»… Արամ Հակոբյանն էլ իր բլոգում գրել է, որ երեխաներին պետք է պաշտպանել, և հոգ տանել նրանց մասին ամեն րոպե, ամեն վայրկյան. «Ախր ես չեմ պատկերավնում ո՞նց կարող է գտնվել մեկը. որը երեխա չսիրի՞: Չեմ պատկերացնում և վերջ: Ախր չէ՞ որ նրանք են մեր ապագան, նրանք են մեր ամբողջ կյանքի իմաստը: Ախր նրանք իրական հրեշտակներ են: Ընկած ամեն տեղ հրաշք եք փնտրում, բայց այդ փոքրիկ հրաշքները ձեր կողքն են՝ դրանք մեր երեխաներն են»:

Հաջորդ ու թերևս ամենաբուռն քննարկվող թեման այս շաբաթ Հայաստան – Հունաստան ընկերական խաղն էր, որտեղ 1:0 հաշվով Հունաստանի հավաքականը հաղթանակ տարավ: Ֆեյսբուքյան գրառումների զգալի մասը հաճելիորեն ուղղված էին Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն. «Արա, Ռոման էս ինչ ա անուուուում!!!!!», – գրել է բլոգեր Տիգրան Քոչարյանը, Անի Սմբատյանն էլ խաղից առաջ իր ֆեյսբուքյան պատին գրել էր՝ «Սուլեցի. սկսում ենք ֆուտբոլի մասին ստատուսներ գրելը», իսկ ընթացքում ավելացան Բերեզովսկուն ուղղված գրառումները՝ «Բերեզովսկին ապացուցում ա, որ ինքը վերջն ա», «Բերեզովսկիիիիի ջան»… Հրաչ Շահվերդյանն էլ «չդիմացավ»` «Արա դու հրաշք ես…. Բերեզովսկիիի….»: Նշեմ նաև, որ գրառումներում միայն Բերեզովսկու անունը չէ, որ հնչում էր, Գևորգ հեթանոս Ղազարեանն օրինակ, դատավորի հանդեպ բարկությունն արտահայտել էր իր ֆեյսբուքյան պատին՝  «Դատավորին կարելի է մի հատ թաթալոշել: Հալալ ա տղերք, նորմալ խաղացիք: Պաշտպանությունը թույլ է ահավոր»:

Լրատվական կայքերն իհարկե նույնպես անդրադարձել էին այս խաղին: «ARMFOOTBALL»-ն էլ ներկայացրել էր հարցազրույց՝ Ռոման Բերեզովսկու հետ. «Ցավոք, պարտվել ենք: Ափսոս, երկրորդ խաղակեսում տղաները շատ լավ էին խաղում, ինչպես անցած տարի: Երևի առաջին խաղակեսում ժամանակ կորցրինք հարմարվելու վրա: Ցավալի պարտություն էր, գոնե ոչոքի պետք է խաղայինք», – հարցազրույցում ասել է Բերեզովսկին:

                                                                                                    Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930