Երեւանի «Փյունիկ» մարզադպրոցի կենտրոնական խաղադաշտում ավարտվեց դպրոցների միջեւ «ՀՖՖ/Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցել են հանրապետության եւ Արցախի 613 դպրոցների 2000-2001 թթ. ծնված շուրջ 5000 աշակերտներ:
Երրորդ տեղի համար պայքարում հանդիպեցին Գորիսի N6 եւ Հրազդանի N11 դպրոցների թիմերը: 9:5 հաշվով առավելության հասան գորիսցիները եւ նվաճեցին մրցաշարի 3-րդ մրցանակակրի կոչումը: Մինչ եզրափակիչ հանդիպման մեկնարկը ֆուտբոլասերներին իր կատարումներով ողջունեց «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» մրցույթի մասնակից Լուսինե Աղաբեկյանը, որի ելույթից հետո խաղադաշտը տրամադրվեց եզրափակչի մասնակիցներին` Գյումրիի N15 եւ Մարտունիի N3 կրթօջախների պատանի ֆուտբոլիստներին: Կազմակերպիչները լավ անակնկալ էին մատուցել նրանց` առաջին խորհրդանշական հարվածը կատարելու իրավունքը վերապահելով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին: Ընդորում, թե պատանի ֆուտբոլիստներին, թե նրանց երկրպագուներին մեծապես ոգեւորեց մեր ընտրանին, որն ամբողջ կազմով եկել էր այդ հանդիպումը դիտելու: Ի վերջո, մեծ առավելությամբ` 15:5, հաղթեցին հանրապետության երկրորդ քաղաքի ներկայացուցիչները:
Խաղադաշտ մտած չորս թիմերի բոլոր խաղացողներին կազմակերպիչները պարգեւատրեցին արժեքավոր նվերներով: Չորրորդ տեղը գրաված հրազդանցիները «Երկրպագուների շարժում Հայկական 1-ին ճակատից» ստացան երկրպագուների շարֆեր:
Մրցանակակիր դարձած երեք թիմերի բոլոր ֆուտբոլիստները ՀՖՖ-ից որպես նվեր ստացան «Adidas» ֆիրմայի արտադրության գնդակներ եւ մարզական պայուսակներ: Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը երրոդ մրցանակակիր դարձած Հրազդանի թիմին նվիրեց MP3 նվագարկիչներ, երկրոդ տեղը գրաված Մարտունիի դպրոցականներին` ֆոտոխցիկներ, իսկ հաղթող ճանաչված Գյումրիի դպրոցականներին` նետբուքեր: Բոլոր խրախուսական մրցանակները երեխաներին հանձնեցին ազգային հավաքականի ֆուտբոլիստները, իսկ գյումրեցիները մրցանակներն ստացան անձամբ հավաքականի իրենց հայրենակիցներ Յուրա Մովսիսյանի եւ Հրայր Մկոյանի ձեռքից:
Կարդացեք նաև
Գլխավոր պարգեւը` «ՀՖՖ/Կոկա-Կոլա 2012 գավաթը», հաղթող թիմի ավագին հանձնեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչված գյումրեցի Ֆելիքս Ալոյանին Հայաստանի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նվիրեց իր բոլոր թիմակիցների ստորագրություններով «Adidas» գնդակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ