Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Մոսկվայում կայացած Եվրասիական աստղագիտական համագումարին

Հունիս 03,2012 14:36

 Մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում տեղի ունեցան Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) 11-րդ հաշվետու-ընտրական համագումարը և «Աստղագիտությունը տեղեկատվական պայթյունի դարաշրջանում. արդյունքներ և խնդիրներ» թեմայով գիտական կոնֆերանսը, որոնց մասնակցեցին մոտ 250 գիտնականներ: Կոնֆերանսին լսվեցին և քննարկվեցին աստղագիտության զանազան ոլորտներին առնչվող զեկուցումներ, որոնք բաժանված էին մի շարք զուգահեռ նստաշրջանների` «Աստղաչափություն և երկնային մեխանիկա», «Արեգակ», «Աստղեր, մոլորակային համակարգեր և միջաստղային միջավայր», «Ժամանակակից աստղաբաշխություն», «Արտագալակտիկական աստղագիտություն», «Վիրտուալ աստղադիտարաններ», ինչպես նաև «Աստղագիտության դասավանդում և մասսայականացում» թեմաներով: Առանձնահատուկ ուշադրության էին արժանի Երկրի պտույտի առանձնահատկություններին, Լուսնի վրա ջրի հայտնաբերմանը, Երկրի համար վտանգավոր աստղակերպերին և գիսավորներին, Արեգակի ակտիվության ներկայիս փուլին, աստղաքիմիային և աստղերի առաջացմանը, սև խոռոչներին, տիեզերաբանության զանազան հարցերին, տիեզերական աստղադիտարանների նոր նախագծերին և վիրտուալ աստղադիտարաններին նվիրված զեկուցումները: Համագումարը քննարկեց ԵԱԱԸ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները, նախկին Խորհրդային Միության տարածքում աստղագիտության զարգացման հեռանկարները, այդ թվում` գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների, գիտական կոնֆերանսների և դպրոցների կազմակերպումը և այլն:

Հայաստանից համագումարին և գիտական կոնֆերանսին, ինչպես նաև ԵԱԱԸ վարչության և «Astronomical and Astrophysical Transactions» գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի նիստերին մասնակցեց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ և ԵԱԱԸ վարչության անդամ Արեգ Միքայելյանը, ով հանդես եկավ «Մարգարյանի գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրությունները Հայկական վիրտուալ աստղադիտարանի շրջանակներում» թեմայով գիտական զեկուցումով և ակտիվորեն մասնակցեց համագումարի և ԵԱԱԸ վարչության աշխատանքներին: Մասնավորապես, մեծ հետաքրքրություն ներկայացրեց Միքայելյանի զեկուցումը ՀԱԸ գործունեության, հատկապես` Հայաստանում գիտական լրագրության կազմակերպման և աստղագիտության մասսայականացման վերաբերյալ, ինչը շատերի կարծիքով կարող է լավ փորձ հանդիսանալ նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների համար: Այդ ելույթը համագումարում գիտական լրագրության քննարկման հիմք հանդիսացավ: Հարկ է նշել նաև, որ ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրերը հիշատակվեցին որպես նման աստղագիտական տեղեկատվական նյութերի մեջ լավագույնը: Վերջին օրը` հունիսի 1-ին, տեղի ունեցան ԵԱԱԸ վարչության ընտրություններ, և Միքայելյանը ևս 4 տարով վերընտրվեց ԵԱԱԸ վարչության կազմում: Համագումարի շրջանակներում տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ` հանդիսավոր ընդունելություն, հանդիպումներ, համերգ, այցելություն Մոսկվայի աստղացուցարան և ճաշկերույթ:

Հիշեցնենք, որ ԵԱԱԸ ստեղծվել է 1990թ. որպես Խորհրդային Միության աստղագիտական ընկերություն, սակայն  վերջինիս փլուզումից հետո վերանվանվեց Եվրասիական աստղագիտական ընկերություն և ներկայումս նրա կազմում կան 31 երկրների մոտ 800 գիտնականներ: Հայաստանից ԵԱԱԸ անդամ են 12 աստղագետ, իսկ ՀԱԸ հանդիսանում է ԵԱԱԸ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930