Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից գրեթե մի ամիս է անցել, սակայն Իջեւան քաղաքի Վալանսի փողոցում դեռեւս ծածանվում են ՀՀԿ-ի սպիտակ դրոշները, որոնց վրա կուսակցության կարգախոսն է՝«Հավատանք, որ փոխենք»: Aravot.am-ի հարցին`ԱԺ ընտրությունների ավարտից հետո ինչու՞ ՀՀԿ դրոշները չեն հանվում, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը պատասխանեց, որ ինքը տեղեկություն չունի, թե ով է տեղադրել դրանք եւ երբ պետք հանվեն: ՀՀԿ դրոշներին գրված կարգախոսը հավատալու կոչ է անում, որպեսզի փոփոխություններ կատարվեն: Իսկ Իջեւանում իրավիճակն անփոփոխ է, ավելի քան կես տարի ավագանու նիստի քվորում չի ապահովվում, որպեսզի ավագանին հաստատի մարզկենտրոնի 2012թ. բյուջեն, համայնքը հնարավորություն ունենա իրականացնել դրամաշնորհային մի շարք ծրագրեր եւ այլն: Հիմա իջեւանցիները իրենց տեսածին, Իջեւանում առկա իրավիճակին հավատա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրություններից մնացած, փողոցներում ցցուն ՀՀԿ դրոշների մակագրություն-խոստումներին:
Ոսկան Սարգսյան