«Ամեն շաբաթ հասարակությունը ցնցվում է՝ կամ ինչ որ տեղ մի բան են կառուցում կամ քանդում են»,-այսպես սկսեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մշակույթի ենթահանձնաժողովում Ծածկած շուկայի հարցի քննարկումը:Նրա խոսքով, սակայն, ավարտվել են այն ժամանակները, երբ Երևանում հնարավոր էր աննկատ ու սողեսող ինչ որ բան քանդել, և երևանցին տեր է կանգնում իր քաղաքին:Ծածկած շուկայի իրավիճակի վերաբերյալ Վազգեն Մանուկյանն առաջին հերթին բարձրացրեց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը. «Ինչո՞ւ պիտի սովարական քաղաքացին պատասխանատվության ենթարկվի ծխախոտը վաճառելիս կտրոն չտալու համար, բայց պիտի շուկան քանդեն, և մենք ամբողջ ազգով մտածենք, թե ոնց վերականգնենք այն»,-ասաց նա:Ո՞վ է նման դեպքերում թույլտվություն տալիս, ի՞նչ հիմքով, կա՞ արդյոք նախագիծ, իսկ եթե չկա, արդյո՞ք դա հանցագործություն չէ. այս և այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով Վազգեն Մանուկյանը դիմեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, ով նաև Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության կողմից Ծածկած շուկայի քանդման պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահն է:Վերջինիս խոսքով, սխալը եղել է սկզբից, քանի որ չի կնքվել օրենքով պարտադիր համարվող պարտավորագիր, որով սեփականատերը պետք է իր վրա որոշակի պարտավորություններ վերցներ: Այդ պարտավորություններից ամենակարևորն այն է, որ առանց համապատասխան թույլտվության, արգելվում է որևէ ճարտարապետական միջամտություն կատարել:
«Դա ամբողջ աշխարհում է էդպես,-ասաց Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ մեզ մոտ նույնպես օրենքները բավարար են, պարզապես դրանք շրջանցվել են, որի հետևանքով իրավիճակն անտրամաբանական վիճակում է հայտնվել,- սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, երևի ընդհանրապես տեղյակ չի եղել, թե դա ինչ կառույց է, կողքից էլ երևի հուշել են, թե կարող ես ֆասադը պահել, մնացածն ինչ ուզում ես անել, չի եղել նախագիծ, պլան, և սխալը սխալի հետևից կատարվելով՝ վիճակն ավելի է բարդացել»:Մինասյանը պարզաբանեց, որ սեփականատերն ի սկզբանե շինարարությունը սկսել է անօրինական ճանապարհով, ինչը միանգամից արգելվել է քաղաքապետարանի կողմից, բայց քանի որ արդեն բանը բանից անցել էր, իրենք ստիպված են եղել թույլ տալ ամրացման աշխատանքներ կատարել, սակայն դա էլ է սխալ արվել և հիմա ունենք այն, ինչ ունենք՝ կիսաքանդ կառույց:Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը նույնպես անօրինական է եղել. «Դա անօրինակն բան էր, ճիշտ է, բայց մենք ստիպված էինք անել, որովհետև եթե արդեն 5 մետր հողային աշխատանք էր արվել, վախեցանք, որ շենքն արդեն շուռ կգա,-ասաց Մկրտիչ Մինասյանը,-ստիպված թույլ տվեցինք՝ լոկալ ամրացումներ անեն, որ շենքը չփլվի, բայց հետո նրանք ավելի առաջ տարան աշխատանքները, ու էս վիճակը ստացվեց»
:Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ի վերջո սեփականատերն իրականացրե՞ց ամրացման աշխատանքները. պարզվեց, որ դա էլ չի արվել:Մինասյանի գլխավորած հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է շուկայի տարածքը, եկել այն եզրակացության, որ կանգուն հատվածն ունի վտանգավոր վիճակներ, բայց դա հնարավոր է պահել, իսկ մնացած մասը վերականգնել և նույն տեսքի բերել: Նրա խոսքով, սեփականատիրոջ հետ նույնպես նման պայմանավորվածություն կա. «Հիմա մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ մենք սեփականատիրոջից պահանջենք, որպեսզի նա ամրացնի վտանգավոր հատվածները և վերաստեղծի այն հատվածները, որոնք քանդել է»,-ասաց նա:Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագծի» տնօրեն Գրիգոր Ազիզյանի խոսքով, պետք է մեկշաբաթյա ժամկետում ստեղծվի Ծածկած շուկայի էսքիզային նախագիծը և դրա հիման վրա կատարվեն մնացած աշխատանքները: Չնայած որ կառույցի վերաբերյալ տրված եզրակացության համաձայն, այն քայքայման եզրին է, Ազիզյանը կարծում է, որ քանդման մասին խոսք գնալ չի կարող, այլ պետք է կատարվեն համապատասխան վերականգնողական աշխատանքներ:Ինչ վերաբերում է այն հարցին, թե կամարներն ինքնուրո՞ւյն են քանդվել, թե՞ դրանք շինարարական սխալ միջամտության հետևանք են, Ազիզյանը կարծում է, որ արդեն դժվար է պարզել. «Բուլդուզերով վրայով անցել են, հետք էլ չկա, որ էքսպերտները որոշեն, թե ինչից է փլվել»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում պետության պահպանության տակ գտնվող 25 հազար հուշարձաններից 6000-ը ենթակա է օտարման, այսինքն, դրանք ունեն սեփականատերեր, որոնք տնօրինում են հուշարձանները (դրանց մեջ է մտնում նաև Ծածկած շուկան):Քննարկման ընթացքում Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության պետ Վլադիմիր Պողոսյանը զավեշտալի փաստեր ներկայացրեց. պարզվում է, որ այդ 6000 հուշարձաններից 5800-ի դեպքում սեփականատերերի հետ չի կնքվել պահպանական պարտավորագիր: Մշակույթի նախարարության մյուս ներկայացուցիչն էլ նշեց, որ դրա պատասխանատուն Կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունն է. «Ցավոք սրտի, Փակ շուկայի դեպքում էլ ի սկբանե այդ պարտավորագիրը չի եղել»,-նկատեց նա:ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը հակադարձեց այդ փաստարկին՝ նշելով, որ պահպանական պարտավորագրի բացակայությունը դեռևս հիմք չէ շենքը վնասելու, ընդհակառակը, դա ենթադրում է է՛լ ավելի պատասխանատվություն համապատասխան մարմինների նկատմամբ: Ըստ Տեր Տաճատյանի, այժմ Ծածկած շուկայի հարցում պետք է անել հետևյալը՝ հաշվել վնասները և սեփականատիրոջը ներկայացնել հատուցման պահանջ:Քննարկվեց նաև զրոյական հարկից ներքև ավտոկայանատեղի կառուցելու հարցը, սակայն ընգծվեց, որ դա պետք է արվի միմիայն համապատասխան նախագծի դեպքում:Այսպիսով, Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նստում որոշվեց պատրաստել համապատասխան փաստաթուղթ, որում ներառված կլինեն օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկելու, շենքի քանդված հատվածները վերականգնելու, իսկ ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելու հարցերը, ինչպես նաև պետության պահպանության տակ գտնվող մնացած 5800 կառույցների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի կնքման հարցը և ամենակարևորը՝ հասարակական կյանքում նմանատիպ կտրուկ փոփոխությունները Հանրաքվեի միջոցով (ինչը թույլ է տալիս ՀՀ օրենքը) լուծելու հարցը:Փաստաթուղը կներկայացվի Հանրապետության նախագահին, կառավարությանն ու պատասխանատու կառույցներին:
vazgenmanukyan.am