Ս.թ. հունիսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում: Արտահերթ դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Խերդիչը:
Դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վ. Մելքումյանը: Միջադեպն արձանագրվել էր մայիսի 31-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում անցկացված ԵԱՀԿ հերթական դիտարկումից ընդամենը ժամեր անց: ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել են Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել են գնդակոծությունների հետքերը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին են փոխանցվել ադրբեջանական հերթական սադրանքն ապացուցող փաստեր, լուսանկարներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ