Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը, որին մասնակցում են երկրի չեմպիոնն ու գավաթակիրը, կարող է տեղափոխվել Պեկինի օլիմպիական ստադիոն:
Չինաստանի իշխանությունները Իսպանիայի արքայական ֆեդերացիային յոթ տարվա պայմանագիր են առաջարկել: Սակայն առաջարկը սկզբում դեռ պիտի արժանանա ակումբների հավանությանը: Ֆեդերացիային հրապուրում է առաջարկի մեծ գումարը՝ ավելի քան 10 միլիոն եվրո: Եթե պայմանագիրը ստորագրվի, սուպերգավաթի անցկացման ձեւաչափը կփոխվի: Ներկայումս սուպերգավաթակիրը որոշվում է երկու խաղերի արդյունքով, մինչդեռ, չինական կողմն առաջարկում է բավարարվել մեկով:
Վերջին երկու տարիներին Իսպանիայի սուպերգավաթը վիճարկում են աշխարհի երկու ուժեղագույն ակումբները՝ Մադրիդի «Ռեալը», որը երկրի չեմպիոնն է, եւ գավաթակիրը՝ «Բարսելոնան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ