Այսօր Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով նորընտիր խորհրդարանի կազմը` Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանն ասաց. «Միակ ուժը, որը կարող է որակ ապահովել օրենսդիր աշխատանքին, Հայ ազգային կոնգրեսի ֆրակցիայի մասնակցությունն է, թե չէ մնացածը` սկսած անձերից, վերջացրած կուսակցական ու քաղաքական կարծրատիպերով, նույն անդեմ, չխոսկան, չակերտավոր բարեգործներով , գողական կլիչկեքով թայֆան է, գրեթե ոչինչ չի փոխվել: Ակնկալիքը խորհրդարանից այն է, որ Հայ Ազգային կոնգրեսի ֆրակցիան կկարողանա մեր հանրությանը տեսանելի դարձնել չակերտավոր ընտրության արդյունքում պատգամավորի մանդատ հայթայթած անձանց իրական դեմքերը, և կկարողանա նաև կոնգրեսի ծրագրերը` տարբեր բնագավառներին վերաբերող` սոցիալական, տնտեսական ընկալելի ու առավել հասկանալի դարձնել»:
Մենք հարցրեցինք, թե ՀԱԿ-ի 7 պատգամավորները բավարա՞ր են փոփոխություններ կատարելու համար, ի՞նչ են անելու նրանք` բավարարվելու են սոսկ հարցեր հնչեցնելո՞վ, թե՞ կկարողանան ձախողել հակաժողովրդական օրենքները: Մեր զրուցակցի համոզմամբ, ՀԱԿ-ից ընտրված պատգամավորներից յուրաքանչյուրը իր մտավոր կարողություններով ու գիտելիքներով մի առանձին ֆրակցիա արժե: «Օրենսդիր աշխատանքը, գործունեությունը բազմաշերտ է , և իրենց փորձառությամբ մեր պատգամավորները ամեն ինչ կանեն, առաջին հերթին կառավարության դատարկ ծրագրերը, բլեֆ տեսակետներն ու նախաձեռնությունները ի ցույց դնելու, քննադատելու, հնարավորության չափով ուղղումներ ու շտկումներ կատարելու: Գոնե Ազգային ժողովում կա մի ֆրակցիա, որը տիրապետում է գրական , քաղաքակիրթ հայերեն լեզվին, յուրաքանչյուր բնագավառի քննարկվող հարցերի ժամանակ տիրապետում է մասնագիտական տերմինալոգիային: Իշխող կուսակցության պատգամավորներից շատ շատերի ժարգոնային ոճը երևաց առաջին իսկ նիստում, լսեցինք, տեսանք, ընթերցեցինք մամուլով, գոնե լեզվական ոճից ու էթիկայից սկսած խորհրդարանում շուտով որակ կապահովեն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները», -համոզված է Մուրադ Գրիգորյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև