Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Եթե հիասթափություններին նայեինք՝ պետք է որ այս օրերին «Ժառանգությունից» դուրս եկած լինեինք»

Հունիս 02,2012 19:32

 «Իհարկե պատգամավորական մանդատը մի փոքր հնարավորություններն է մեծացնում պայքարելու, բայց ցանկացած պարագայում մենք մեր տեղը վաստակել ենք, մեր խոսքը ասելու իրավունքը վաստակել ենք: Մենք մեր աշխատանքով իրավունք ենք ձեռք բերել, որ կարող ենք ժողովրդի պատգամաբերը լինել, ուստի մեր գործունեությունը նորից նույն ձեւով շարունակելու ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Մեր հարցին՝ ժամանակի ընթացքում հնարավո՞ր է այս հիասթափությունները խորանան եւ «Ժառանգությունից» դուրս գալու հիմք հանդիսանան՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե այդ հիասթափություններին  նայեինք՝ պետք է որ այս օրերին դուրս եկած լինեինք: Բայց որեւէ մեկը  դուրս չեկավ: Անկախ նրանից, թե մեր կուսակցականները ինչպիսի կարծիք ունեն ընտրությունների վերաբերյալ, մենք բոլորս միասին երկար ժամանակ է, ինչ համատեղ  պայքարի մեջ ենք, եւ չեմ կարծում, որ այդ համատեղ պայքարը ընդհատվել է այս փուլում: Ընդհակառակը, կարծում եմ՝ դեռ մենք շարունակելու ենք պայքարել»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասին պարոն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել՝ կիսո՞ւմ է Լարիսա Ալավերդյանի կարծիքը, թե՞ ոչ. «Ամեն մեկս մեր կարծիքն ունենք, թե որն է ճիշտը՝ մոտակա ապագան ցույց կտա»:

ԱԺ անդրանիկ նիստին պարոն Մարտիրոսյանը հետեւել է եւ արտառոց որեւէ տպավորություն չի ստացել: Ինչ վերաբերում է բաց քվեարկություններին՝ ըստ նրա «մեր պետության մեջ ոչ ճիշտ ընտրությունները կամ ընտրական խախտումները նորություն չեն»: Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, որ 5-րդ գումարման ԱԺ-ում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները «Ժառանգության» բարձր նշաձողը կպահեն:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, պարոն Մարտիրոսյանը հավակնորդ է տեսնում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Թե ինչ որոշում նա կկայացնի, ցանկացած դեպքում դա անձնական որոշման խնդիր է, մենք կհարգենք պարոն Հովհաննիսյանի ցանկացած որոշում: Ես ինքս նրան տեսնում եմ նախագահական ընտրությունների հավանական թեկնածու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930