Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին
– Գո՞հ եք վարչապետի նշանակումից:
– Այո: Դա մեր որոշումն էր:
– Գործադիր մարմնի կամ խորհրդի անդամներից որեւէ մեկը չփորձե՞ց նախագահի առաջարկին` վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակելու մասին, այլընտրանք առաջարկել: (Aravot.am)
Կարդացեք նաև
– Նման առաջարկ չի եղել:
– ՀՀԿ-ում բոլորը խելոք լսում են թե նախագահն ի՞նչ է ասում: (Aravot.am)
– Ի՞նչ է նշանակում` խելոք լսում են: Հիմա դուք ին՞չ եք փնտրում, ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ: Գործադիր մարմինը միասնական որոշում է կայացրել, որ Տիգրան Սարգսյանը պարշտոնավարի վարչապետի պաշտոնում: Նույնը` խորհուրդը:
– Ձեզ այդ պաշտոնում չէի՞ք պատկերացնում:
– ԱԺ նախագահի պաշտոնում են պատկերացրել եւ արդեն պաշտոնավարում եմ:
– Ի՞նչ է նշանակում` ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում:
– Ասույթ է, ասել եմ, էլի:
– Ձեր վերադա՞րձը նկատի ունեիք:
– Ես ասել եմ` դուք էլ մտածեք` ինչը նկատի ունեի: Հենց որ մտածեք, մեկ ամիս ու չգտնեք` ես կասեմ ի՞նչ նկատի ունեի:
– Նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է Ձեզ վարչապետ նշանակեն:
– Առաջին խնդիրը` մենք նախագահական ընտրությունները պիտի կազմակերպենք:
– Ի՞նչ դերակատարում եք ունենալու այդ ընտրություններում:
– Բոլոր դերակատարումները:
– Շտաբի պետը Դո՞ւք կլինեք, թե՞ վարչապետը:
– Կուսակցությունը կորոշի` ո՞վ ինչ կատարի: Ես կյանքում չեմ վիրավորվի, եթե որեւէ մեկը ստանձնի այդ պարտավորությունը կամ կուսակցությունը որոշի, որ որեւէ մեկը ղեկավարի շտաբը: Դա շատ պատասխանատու, դժվար, անշնորհակալ գործ է:
– Երբ վարչապետի թեկնածությունն առաջադրվեց, Դուք ձեր խոսքն ասացի՞ք:
– Մենք մեր խոսքն արդեն ասել էինք, մինչեւ գործադիր մարմնի նիստը:
– Այսինքն, ըստ սցենարի, ամեն ինչ ընթանում է:
– Ճիշտը դա է: Քաղաքականության մեջ այդպես է, քայլերը միշտ պետք է լինեն ճիշտ, հաշվարկված:
– Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրության առիթով խնջույք կազմակերպե՞լ եք: (Aravot.am)
– Ես ընդհանրապես խնջույքներից հեռու մարդ եմ. ոչ ծխում եմ, ոչ` խմում:
– ՕԵԿ-ի նախարարներ ո՞ւմ եք պատկերացնում:
– Իրենք պետք է առաջարկեն:
– Խոսվում է, որ արտակարգ իրավիճակների եւ գյուղնախարարները կմնան:
– Ես էլ եմ այդ կարծիքին:
– Քաղաքաշինության նախարարությունը հնարավո՞ր է տրվի ՕԵԿ-ին:
– Նախագահն ասել է, որ Ճապոնիայից կվերադառնա եւ կքննարկվեն կառավարության հարցերը:
– Նախագահական ընտրություններում եթե Դուք ղեկավարեք շտաբը կրկին կթողնե՞ք ԱԺ նախագահի պաշտոնը:
– Չեմ կարծում: Դա ԱԺ ընտրություններ էին, ես էլ ԱԺ նախագահ էի, բայց հիմա` նախագահի ընտրություններ են:
– Նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի հնարավորությունը բացառում ե՞ք:
– Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում:
– Վարչապետի թերություններն ու առավելությունները կասե՞ք:
– Չեմ էլ մտածել թերությունների ու առավելությունների մասին, բայց ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ տնտեսագետ, աշխատանքը պատկերացնում է: Այսօր մնում է` թիմային աշխատանք, ճիշտ կառավարության անդամեներ պետք է նշանակվեն: Իմ կարծիքով, հաջողություն կունենանք, քանի որ առաջին չորս ամսում մենք ունենք 7 տոկոս տնտեսական աճ, համոզված եմ, որ եթե լավ աշխատենք… նաեւ շատ կարեւոր է, որ ապագա կառավարությունը եւ ԱԺ-ն միասնական աշխատեն: Արդյունքներ կունենանք:
– Արմեն Գեւորգյանը փոխվարչապետի պաշտոնը կպահպանի՞:
– Առաջիկայում կասենք:
– ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ասացիք, որ քննադատելու եք կառավարությանը. Դա ուժի մե՞ջ է:
– Ես հիմա էլ եմ ասում` ես յուրաքանչյուր անարդյունավետ աշխատանք, ծրագիր քննադատելու եմ, բայց նաեւ թույլ չեմ տալու, որ որեւէ մեկը փորձի անարդար քննադատի կառավարությանը: Առաջին պաշտպանը ես եմ լինելու:
Գրի առավ` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ