Հունիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ։ Երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում խոսվեց ներկա ժամանակներում սոցիալական ցանցերի կարևորության մասին, ներկայացվեցին դրանց հետ աշխատանքի, վիրտուալ դաշտում բանավիճելու նրբությունները։
Տիգրան Քոչարյանը նշեց, որ սոցիալական ցանցերը որոշակի մշակույթ են ձևավորում, որը շատ հաճախ տարբերվում է նրանից, ինչ կատարվում է իրական կյանքում։ ՙՇատերն այսօր անտեղյակ են՝ ինչպես իրենց պահել Ֆեյսբուքում կամ այլ ցանցերում, ինչը խիստ կարևոր է, առավել ևս երբ անհատը ներկայացնում է որևէ կազմակերպություն։ Պետք է իմանալ որոշակի հմտություններ՝ չվնասելու այն կազմակերպությանը, որը ներկայացնում ես՚,- նշեց Տիգրան Քոչարյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ քննարկման ընթացքում անդրադարձ եղավ PR տեխնոլոգիաներին, PR-ի ձևերին։ Խոսվեց սոցիալական ցանցերում առաջխաղացման մեթոդների մասին, որպեսզի հնարավորինս շատ ընթերցողների հնարավոր լինի գրավել և առավել մեծ լսարանի հասանելի դարձնել սեփական կարծիքը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացները, քաղաքացիական ակտիվությունը և նրա զարգացման միտումները։
Կարդացեք նաև