«Ժառանգության» խաղաղ համագումարի ընթացքում կուսակցության անդամներից մեկը՝ Դանիել Իոաննիսյանը ելույթի հնարավորություն խնդրեց: Նրան թույլ տվեցին: Հենց առաջին նախադասությունից հետո Ռուբեն Հակոբյանը փորձեց կանխել՝ ասելով, որ օրակարգ կա, բայց ապարդյուն: Կուսակցության անդամը դժգոհեց, որ մարտի 2-ի համագումարում հնարավորություն չեն տվել վարչության աշխատանքը գնահատել, իսկ գնահատականը բացասական կլիներ, որովհետեւ մի շարք դժգոություններ կան: Նա նաեւ ներկայացրեց «Ֆեյսբուքում» իր անցկացրած հարցման արդյունքները, թե ում են մարդիկ ուզում տեսնել «Ժառանգությունից» խորհրդարանում. օգտատերերը նշել են Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան անունները, իսկ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբեն Հակոբյանը ստացել են չնչին «լայքեր»՝ այսպես ասած: Դանիելի խոսքերով՝ «Եթե սխալ ենք արել, պիտի ասենք, որ սխալվել ենք: Որովհետեւ այս ընտրություններին ավելի շատ ձայն ենք ստացել, քան նախորդ ընտրություններում եւ դա 4-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների շնորհիվ է»:
Զարուհի Փոստանջյանը փորձեց լռեցնել՝ ասելով, որ ամեն ինչ խառնում ես, Դանիե՛լ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը հայացքով սաստեց նրան, թույլ տալով խոսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ