Իջեւան քաղաքի բնակիչ Սեւան Մելքումյանը մայիսի 2-ին դիմել է Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն՝ հայտնելով, որ իր մայրը՝ Տատյանա Մելքումյանը 1995-96 թվականներից քաղաքի Երեւանյան փողոցում, շուկայից ոչ հեռու տաղավար է աշխատեցրել: Վատառողջ լինելու պատճառով Տատյանան 2007թ. դադարեցրել է աշխատանքը: 2008թվականից մինչ օրս այդ տաղավարում Մելքումյանների ընտանիքի մտերիմ Անուշ Ադամյանն է առեւտուր է կատարում, Անուշը հարկային տեսչությունում գրանցված է, հարկեր է վճարում: Սեւանը հայտնել է, որ 2012թ. ապրիլի վերջին իրեն զանգահարել է Իջեւանի բնակիչ Էդգար Ամիրյանը եւ հայտնել, որ 2006թվականին ինքն այդ տարածքը աճուրդով ձեռք է բերել: Էդգարը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կնոջ հորեղբոր որդին է: Տավուշի ՇՊԱԿ-ը Սեւան Մելքումյանի դիմումի նյութերն ուղարկել է մարզի դատախազություն, դատախազությունն էլ՝ Իջեւանի ոստիկանություն,ոստիկանությունը սույն գործով քննություն է կատարում: Հանդիպեցի Տատյանա եւ Սեւան Մելքումյաններին : 60-ամյա Տատյանա Մելքումյանն ասաց, որ 1992թ. իր ամուսինը մահացել է, ինքը միայնակ է մեծացրել 4 երեխաներին, ընտանիքը գոյատեւել է տաղավարում հացի վաճառքի հասույթով: Այդ տաղավարը սկզբում Իջեւանի այլ տարածքում է եղել, ինքն էլ եղել է շրջկոոպի աշխատող: 1995 կամ 1996թ. Իջեւանի հացի գործարանի տնօրինությունը կնոջն առաջարկել է տաղավարը տեղափոխել շուկայի մոտակա տարածք եւ այնտեղ վաճառել իրենց արտադրանքը:
– Երբ տեղավարը տեղադրեցի, Իջեւանի քաղաքապետը ներկայիս մարզպետ Արմեն Ղուլարյանն էր: Տաղավարի տարածքը սեփականաշնորհելու հարցով դեռեւս 2003թ. բանավոր եւ գրավոր դիմել եմ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Նա «փափուկ բարձ դրեց իմ գլխի տակ »՝ մի անգամ ասելով , թե այդ տարածքը ենթակա չէ օտարման,մի անգամ էլ, թե դա նոյեմբերյանցու տարածք է, նաեւ ինձ ասել է՝ «դու այդտեղ հանգիստ աշխատիր, եթե պետք լինի, քեզ կկանչեմ »:
Սեւան Մելքումյանն ասաց, որ տաղավարն ընդամենը 4 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, դրա առաջը 1.4 մ տարածք կա,1.5մ էլ՝ մյուս կողմից եւ հավելեց.
– Մենք ընդամենը 10-12 քառակուսի մետր տարածք ենք ուզել նախկին քաղաքապետից: Էդգար Ամիրյան ինձ ասաց, որ ինքն այդտեղ 48 քառակուսի մետր տարածք է սեփականաշնորհել, ինքը պատրաստ է դա 40 հազար դոլարով ինձ վաճառել: 2006թ. տարածքի օտարման ժամանակ, Երեւանյան փողոցում տաղավարը տեղադրված է եղել, ինչու? մեզ աճուդի մասին չեն տեղեկացրել, մայրս էլ կներկայանար, կասեր՝ ուզո?ւմ ենք աճուրդին մասնակցել, թե՝ ոչ: Եթե չէինք մասնակցի, տաղավարը կհանվեր, աճուրդ կանցկացվեր: Մենք էլ ուզում ապրել, երկու անչափահաս երեխա ունեմ, կինս, մայրս չեն աշխատում, ես էլ ավտոգազալցավորման կայանում հերթափոխով աշխատում եմ, երիկամի պլաստիկ վիրահատություն եմ տարել, ճնշումս մինչեւ 200 բարձրանում է, չեմ կարող ասել, թե այնտեղ ինչքան կարող եմ ձգել-աշխատել: Այս գործով մինչեւ վերջ գնալու ենք, հարկ եղած դեպքում դատարան կդիմենք:
Թագեր-Իջեւան, տաղավար, աճուրդ, Սեւան Մելքումյան, Տատյանա Մելքումյան, Էդգար Ամիրյան, Վարուժան Ներսիսյան, նախկին քաղաքապետ
Ոսկան Սարգսյան