Երեւանի կենտրոնի բակերից մեկում կայացած կիսաեզրափակիչ հանդիպումներում Գյումրիի թիվ 15 դպրոցի թիմը 20:4 խոշոր հաշվով հաղթեց Գորիսի թիվ 6 դպրոցին, իսկ Մարտունու թիվ 3 դպրոցը համառ պայքարում 8:7 հաշվով առավելության հասավ Հրազդանի թիվ 11 դպրոցի նկատմամբ: Այսպիսով, հունիսի 3-ին «Փյունիկ» ՄԱ խաղադաշտում հաղթող թիմերը կպայքարեն գլխավոր մրցանակի՝ «ՀՖՖ/Կոկա-Կոլա 2012» գավաթի եւ ոսկե մեդալների համար, իսկ պարտվողները կորոշեն 3-րդ մրցանակակրին: Չեմպիոնի կոչումը նվաճած եւ մրցանակային տեղերը գրաված թիմերի յուրաքանչյուր խաղացողի «Կոկա-Կոլան» կպարգեւատրի նաեւ թանկարժեք նվերներով՝ նեթբուքերով, թվային ֆոտոխցիկներով, MP3 ձայնարկիչներով, «Adidas» մարզահագուստով եւ գնդակներով, մարզական պայուսակով եւ այլն:
ՀՖՖ-ի եւ «Կոկա-Կոլա» համակարգի համատեղ կազմակերպվող ավանդական այս առաջնությունը կարեւոր խթան է մարզաձեւը Հայաստանի հատկապես մարզային միջնակարգ դպրոցներում ֆուտբոլային մարզումներում ներգրավել դպրոցահասակ այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոց: Իսկ նրանց մեջ, անկասկած, տաղանդավոր երեխաներ անպայման կան: Եվ պիտի ասել, որ նպատակն իրականանում է: Այս էլ երկրորդ տարին անընդմեջ մրցանակային տեղերի համար պայքարում Երեւանի դպրոցները բացակայում են, թեեւ նախնական փուլում մեկնարկած թիմերի մեծ մասը հենց մայրաքաղաքի դպրոցական թիմերն են լինում: Իսկ դա արդեն վկայում է, որ մարզերում մանկապատանեկան ֆուտբոլը արագ է տարածվում ու զարգանում: Երկրորդ, առաջնության կանոնակարգի պարտադիր կետերից է, որ յուրաքանչյուր թիմի ութ խաղացողներից երեքը պետք է աղջիկ լինի: Հուսանք, որ սա էլ առիթ կդառնա մեզանում կանանց ֆուտբոլը զարգացնելու համար:
«Առավոտ» օրաթերթ