Երեկ Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված քննակենտրոններում դիմորդները քննություն հանձնեցին կենսաբանություն (1938 դիմորդ), աշխարհագրություն (392 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (397 դիմորդ) առարկաներից: Ըստ դիմորդների թվի՝ Հայաստանի յուրաքանչյուր մարզում, բացի Սյունիքից, ձեւավորվել էին մեկական քննական կենտրոններ, Սյունիքում եւ Երեւանում երկուական քննակենտրոններ կային:
Նախքան քննական մեկնարկը՝ ԳԹԿ կենտրոնի խորհրդի կողմից տրվեց առաջին դրական գնահատականը: Խորհրդի անդամները եւ նախագահը շրջայց կատարեցին Երեւանի թիվ 189 ավագ դպրոցում ձեւավորված քննակենտրոնում: Նրանք նշեցին, որ լավ է կազմակերպված ամեն ինչ. նույնիսկ փողոցներում, մայթեզրերին ուղեսլաքներ էին փակցված, որպեսզի դիմորդները հեշտությամբ գտնեին քննակենտրոնը: ԳԹԿ խորհրդի կողմից որոշվեց, որ թիվ 189 ավագ դպրոցն այսուհետեւ դառնալու է հիմնական քննակենտրոններից մեկը: Այդ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը նշեց, որ քննակենտրոնը ձեւավորվել է բոլոր պահանջներին եւ չափանիշներին համապատասխան, բոլոր քննասենյակներում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք մոնիտորներին են փոխանցում քննասենյակում տիրող վիճակը: Այս քննակենտրոնում (ղեկավար՝ Էդուարդ Սանթրոսյան) քննության կազմակերպիչների հիմնական մտահոգությունն այն էր, որ քննության ընթացքին հետեւող ծնողներն աղմկում էին մոնիտորների առջեւ: Բանը հասավ նաեւ զավեշտի, երբ ծնողներից մեկը, ձանձրանալով հետեւել մոնիտորից սփռվող քննապատկերին, որոշեց «փոխել» ալիքները, եւ արդյունքում՝ անջատեց սարքը։ Իսկ մեկ այլ ծնող տեղեկացրեց, որ երեկ չի հասցրել դիտել «Հրեշտակների դպրոց» սերիալը, առաջարկեց քննասերիալը դիտելու փոխարեն միացնել իր ուզածը:
Այս քննակենտրոնում քննություն հանձնելու համար գրանցված էր 320 դիմորդ, նրանցից քննությանը չէր ներկայացել 14-ը։ Սահմանված ժամին թեստերը բացվեցին, ու քննությունը մեկնարկեց։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ