Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է հայ-ֆրանսիական հերթական հեծանվային արշավը

Հունիս 02,2012 13:28

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայում իրենց մասնագիտությանը նվիրված մարդիկ են աշխատում, որոնք նաեւ իրենց ազատ ժամանակն են տրամադրում հեծանվային սպորտի զարգացմանը՝ կազմակերպելով տարբեր տեսակի միջոցառումներ:

Դրանցից մեկն էլ արդեն ավանդական դարձած հայ-ֆրանսիական հեծանվային արշավն է Հայաստանի ողջ տարածքով, որն այս տարի կազմակերպվելու է 7-րդ անգամ: Երկու տարին մեկ՝ տարվա այս եղանակին Հայաստան են գալիս Պա դե Կալե նահանգի մանկատների ասոցիացիայի եւ դժվար դաստիարակվող երեխաների դպրոցների սաները եւ խումբ կազմելով հիմնականում Վանաձորի նմանատիպ հաստատության 10-15 տարեկան աղջիկների, Երեւանի ու մեր ֆեդերացիայի մարզիկների հետ եւ ուղեկցորդների, հրահանգիչների, բժիշկների եւ սպասարկող անձնակազմի հետ միասին մոտ 60 հոգանոց խմբով 12-օրյա հեծանվային արշավի են ելնում հանրապետության տարբեր երթուղիներով: Այս նախաձեռնության հիմնադիրներից եւ կազմակերպիչներից Աշոտ Կորկոտյանը «Առավոտին» պատմեց, որ համապատասխան մասնագետների հետ երթուղիները գլխավորապես ընտրվում են դժվարանցանելի վայրերով՝ անտառներով, լեռնանցքներով, սարերով. «Արշավի մասնակիցները հեծանիվներով հաղթահարում են նույնիսկ 2300 մետր բարձրություն ունեցող ճանապարհները: Հայ եւ ֆրանսիացի պատանիները լինում են պատմամշակութային կոթողներում, որոնցով այնքան հարուստ է մեր երկիրը, Հայաստանի բնության տեսարժան վայրերում, նաեւ ծանոթանում ամենահեռավոր ու բարձրադիր գյուղերում բնակվող մարդկանց կենցաղին: Ի դեպ, արշավի ողջ ընթացքում մասնակիցների սնունդը կազմակերպում է «Ավարայր» տուրիստական կազմակերպությունը: Այդպես նրանք ճանաչում են մեր անցյալն ու ներկան, մտերմանում բնությանը, սովորում սիրել եւ պահպանել այն»:

Այդ 12 օրերին, որոնք հայ եւ ֆրանսիացի երեխաները ճանապարհներին ու վրանային ճամբարներում անցկացնում են իրար հետ, նրանց մտերմացնում է, իսկ դժվարությունները, որ հաղթահարում են միասնական ջանքերով, օգնում է հետագայում ճիշտ մարդկային հարաբերություններ հաստատել շրջապատի հետ: «Անկեղծ ասած, երեխաներն արշավների ավարտին մի քիչ հոգնածության զգացում են ունենում: Բայց դա աշխատած ու հաճելի հոգնածություն է,- շարունակում է Աշոտ Կորկոտյանը:- Հաճախ եմ վերջում հետաքրքրվել նրանց տպավորություններով: Եվ անխտիր բոլորն էլ պատասխանել են, որ թեեւ դժվար էր, բայց դրանք իրենց կյանքի ամենատպավորիչ ու հիշարժան օրերն են»: Հարցին, թե այս տարի ավանդույթը շարունակվելո՞ւ է, պարոն Կորկոտյանը պատասխանեց. «Իհարկե: Արդեն հունիսի 4-ին սպասում ենք ֆրանսիական կողմից մեր համատեղ այս ծրագրի մշակողներ եւ ֆինանսավորողներ Ֆրանսիս Դեմբոտի եւ Դոմինիկ Դեմորի ուղեկցությամբ հերթական խմբի ժամանմանը»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930